19:05  ,  21 օգոստոսի, 2019

«Դյուդելանժի» մարզիչ․ Ֆավորիտ չենք «Արարատ-Արմենիայի» դեմ խաղում

Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալոյի» դեմ արտագնա խաղում Հայաստանի թիմն ապացուցեց, որ պատրաստված թիմ է, մենք էլ ֆավորիտ չենք կարող համարվել, քանի որ դեռ երիտասարդ թիմ ենք: Այս մասին Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղի «Արարատ-Արմենիա» - «Դյուդելանժ» նախախաղային ասուլիսում ասաց Լյուքսեմբուրգի չեմպիոնի գլխավոր մարզիչ, 52-ամյա բելգիացի մասնագետ Էմիլիո Ֆերերան:

«Մենք երեկ ենք ժամանել Հայաստան: Առաջին անգամ եմ Հայաստանում, քաղաքը շատ գեղեցիկ է: Հին քաղաք է, բայց գեղեցիկ է: Հասցրել ենք տեսնել միայն ավտոբուսի պատուհանից: Այս փուլում ֆավորիտ չենք: Նոր թիմ ենք: Շատ ֆուտբոլիստներ անցած տարի հեռացան մեր թիմից: Հիմա նոր կազմ ենք կառուցում: Չեմ կարծում, որ ֆավորիտ կարող է համարվել նոր կառուցվող թիմը: Հայաստանի թիմն ուսումնասիրել եմ եւ բոլոր ֆուտբոլիստներին էլ կառանձնացնեմ, միայն թե անուններով չգիտեմ, կարող եմ ասել միայն համարներով:

«Արարատ-Արմենիան» շատ լավ դրսեւորեց իրեն Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալոյի» հետ արտագնա խաղում: Երբ տանը պարտվում ես ու կարողանում ես արտագնա խաղում հաղթել 2:0 հաշվով, դա նշանակում է, որ թիմը հոգեբանորեն շատ լավ պատրաստված է: Հայաստանի չեմպիոնը նախորդ խաղում հաղթեց, բայց գրեթե ոչ ոք չէր հավատում դրան:

Մեր ղեկավարությունը, ինչպես եւ կարծում եմ «Արարատ-Արմենիայինը», ճնշումն է դնում թիմի վրա՝ հաղթահարել այս փուլը եւ դուրս գալ խմբային փուլ: Կարծում եմ՝ սա այնպիսի փուլ է, որ յուրաքանչյուր թիմի ղեկավարություն անպայման հաղթահարելու խնդիր ու ճնշում կդնի իր թիմի վրա: Յուրաքնաչյուր փուլում որքան առաջ ես գնում, այնքան մրցակիցները բարդանում են: Վաղը կտեսնենք, թե Հայաստանի թիմից կորկրետ որ որակի վրա պետք է աշխատել՝ ֆիզիակական, թե տեխնիկակական: Ես նոր մարզիչ եմ: Մեր թիմը նախկինում պարտվել է, բայց դա ինձ համար որեւէ լարվածություն չի ստեղծում: Ես չեմ կարող պատկերացնել մի թիմ, որ պարտություն կրած չլինի: «Բարսելոնան» նույնպես պարտվել է:

Այստեղի եղանակը բավական տարբեր է մեզ համար, բայց մենք պրոֆեսիոնալներ ենք եւ կարող ենք հարմարվել նաեւ Հայաստանի եղանակին»,- ասաց Էմիլիո Ֆերերան:

Հիշեցնենք, որ երկու թիմերն էլ հանդես են եկել Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում, որտեղ «Արարատ-Արմենիան» չհաղթահարեց Շվեդիայի չեմպիոն ԱԻԿ-ի արգելքը (2:1, 1:3), իսկ «Դյուդելանժը»՝ Մալթայի «Վալետայինը»՝ (2:2, 1:1)։

Եվրոպայի լիգայում երեւանյան թիմը դուրս է թողել Ջիբրալթարի «Լինքոլնին» (2:0, 2:1) եւ վրացական «Սաբուրթալոյին» (1:2, 2:0), իսկ «Դյուդելանժը»՝ մակեդոնական «Շկենդիային» (1:1, 2:1) եւ էստոնական «Նիմյե Կալյուին» (3:1, 1:0)։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով