17:58  +04,  21 օգոստոսի, 2019

Վարդան Մինասյան․ «Դյուդելանժին» չենք թերագնահատում, իրենք պետք է մեզ թերագնահատեն

Մեր մրցակցին չենք թերագնահատում: Իրենք պետք է մեզ թերագնահատեն: Մենք գիտենք՝ ինչ մրցակցի հետ ենք խաղալու: Վաղը պետք է սառը խաղանք:

Այս մասին Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղի «Արարատ-Արմենիա» - «Դյուդելանժ» նախախաղային ասուլիսում ասաց ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

«Վերականգնվել ենք, վնասվածքներ չունենք, ունենք մեկ որակազրկված՝ թիմի ավագը: Հոգեբանորեն եւ ֆիզիկապես թիմը պատրաստ է: Մենք լրիվ տիրապետում ենք ինֆորմացիային, թե ինչ թիմ է մրցակիցը։ Իրենց խաղաոճը շատ նման է մեր անցած մրցակցի ոճին: Սիրում են գնդակով խաղալ, կարճ ու միջին փոխանցումներով: Մենք կփորձենք խաղալ այն ֆուտբոլը, որը ծրագրել ենք: Ինչ կստացվի, խաղը ցույց կտա: Պետք է սառը գլխով խաղանք: Պետք է շատ սառնասիրտ լինենք, եւ կարողանանք ճիշտ արձագանքել իրավիճակին՝ ինչ է տեղի ունենում մարզադաշտում:

Պատրաստվել ենք, թե ինչպես պետք է սկսենք խաղալ, բայց պարզ է, որ խաղի սցենարը չենք կարող կանխազգուշակել: Մեզ համար շատ կարեւոր է լինելու հանգստությունը, ավելորդ լարվածություն չպետք է լինի դաշտում: Եթե ամեն ինչ լավ ընթանա, վաղը կխաղանք այն ֆուտբոլը, որը պլանավորել ենք: Ավելորդ լարվածությունը մեզ վաղը կխանգարի: Չպետք է մտածենք՝ առաջին անգամ ենք փլեյ-օֆֆ փուլում: Հետագայի մասին հետո կմտածենք:

Եթե Լյուքսեմբուրգի չեմպիոնը հասել է այստեղ, ուրեմն որեւէ անլրջության եւ թերագնահատելու մասին խոսք չկա: Իրենք խաղացել են Եվրոպայի լիգայի անցած խմբային փուլում: Եթե մի տեղ թերագնահատելու լինեն, իրենք պետք է մեզ թերագնահատեն: Մենք գիտենք՝ ինչ մրցակցի հետ ենք խաղալու: Իրենք գտնվում են ֆուտբոլային տենդենցների կենտրոնում, բնականաբար նրանց ֆուտբոլը վատ չի կարող լինել:

Վիճակագրությամբ չեմ զբաղվում: Ես կոնկրետ մտածում եմ մրցակցի մասին, ուսումնասիրում ուժեղ, թույլ կողմերը, ինչպես նաեւ հոգեբանական կողմը եւ նույնը փորձում փոխանցել թիմին: Սա ավելորդ լարվածություն կբերի թիմում, եթե մտածեմ սա ամենակարեւոր խաղն է իմ մարզչական կարիերայում: Առաջին անգամ ենք մասնակցում այս փուլում եւ մեր վարկանիշը դեռ ցածր է: Պետք է փորձել գոլ խփել եւ գոլ բաց չթողնել:

Հոգեբանական առումով տնային հանդիպումներն այդքան էլ մեծ տարբերություն չեն տալիս այլեւս: Անցած փուլը ցույց տվեց, որ կարող ենք տանը պարտվել, դուրսը հաղթել: Վրաստանի թիմի հետ խաղում 70-րդ րոպեից մեր շարժունակությունն ընկավ: Հուսով եմ՝ վաղվա խաղում նման խնդիր չենք ունենա: Մենք գնալով մեր խաղը բարելավում ենք: Անպայման կլինի խրախուսումներ, եթե այս փուլն էլ հաղթահարենք»,- ասաց Վարդան Մինասյանը:

Փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղը տեղի կունենա օգոտոսի 22-ին Երեւանում Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 19:00-ին:

«Արարատ-Արմենիա» - «Դյուդելանժ» հադիպումը կսպասարկի ավստրիացի մրցավար Հարալդ Լեխներնը:

Հիշեցնենք, որ հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի թիմը դուրս է եկել Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ: Եվրոպա լիգայի որակավորման նախորդ 2 փուլերում «Արարատ-Արմենիան» երկու խաղերի արդյունքում հաղթել էր Ջիբրալթարի չեմպիոն «Լինքոլնին» (2։0, 2։1) եւ Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալոյին» (1։2, 2։0)։ Վարդան Մինասյանի գլխավորած թիմը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում չէր հաղթահարել Շվեդիայի չեմպիոն ԱԻԿ-ի արգելքը (2:1, 1:3) եւ պայքարը շարունակում է Եվրոպա լիգայում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ