17:11  ,  20 օգոստոսի, 2019

Քաղաքապետարանը սկսել է Ազարյանի անվան մարզադպրոցի հատակի բետոնապատումը (ֆոտո)

Ալբերտ Ազարյանի անվան մարզադպորցում շուտով կունենանք ազատ վարժությունների նոր գորգ: Քաղաքապետարանի նախաձեռնությամբ եւ աջակցությամբ արդեն տարիներ մեր պահեստային սենյակում պահվող ազատ վարժության գորգը կտեղադրվի մարզադահլիճում՝ նոր բետոնածածկ, հարթ հատակին:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Դեռեւս ապրիլի սկզբին Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության մարզադպրոցի հիմնանորոգման նպատակով 2019 թվականի Երեւանի քաղաքային բյուջեից տրամադրվելու է 146 միլիոն դրամ եւ ըստ նախնական տեղեկությունների, մարզադպրոցի վերանորոգումը մեկնարկելուէր այս տարվա հունիսից:

 Մարզադպորցի հիմնանորոգման աշխատանքները դեռ չեն մեկնարկել, սակայն արդեն շուրջ մեկ ամիս է մարզադպրոցի ներսում ընթանում են ազատ վարժության գորգի ապամոնտաժման, հատակի հարթեցման, բետոնապատման եւ նոր գորգը տեղադրելու աշխատանքները: Բանն այն է, որ քաղաքապետարանն այս շրջանում ֆեդերացիայի հետ քննարկում է մարզադպրոցի հիմնանորոգման հարցը:

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի խոսքով, շրջանառվում եւ քննարկման փուլում է լրիվ նոր մարմնամարզության դահլիճ կառուցելու հարցը:

 «Այս ամենը Երեւանի քաղաքապետարանի հետ դեռ քննարկման փուլում է: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Ալբերտ Ազարյանի անվան մարզադպորցը հիմնանորոգելու հետ կապված խնդիր կա, դպրոցի շենքը վթարային է: Քննարկվում է բոլորովին նոր դահլիճ կառուցելու հարցը: Մենք հակված ենք եվրոպական ստանդարտներին համապատասխան նոր դահլիճ կառուցելուն, որը կծառայի հավաքականներին: Բայց այդ ամենը հետագայի ծրագրեր են: Իսկ մինչ այդ մենք մեր մարզումները կկազմակերպենք եւ կշարունակենք Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում:

Քանի որ այս ընթացքում մարզադպրոցում ամառային արձակուրդ էր, որոշեցինք օգտվել առիթից եւ վերանորոգել ազատ վարժությունների գորգը: Մենք ունենք նոր գորգ, որն արդեն երկար ժամանակ մարզադպորցի պահեստային սենյակում էր պահվում: Նախկինում առիթ ունեցել եմ ասելու, որ թույլ չեմ տալիս նոր գորգը տեղադրել, քանի որ դպրոցի հատակը ծուռ էր եւ քարուքանդ: Իսկ գորգի տակ պետք է լիներ հարթ բետոն, որպեսզի հնարավոր լիներ պահպանել ամորտիզացիան: Մենք խնդրեցինք քաղաքապետարանին ֆինանսավորել ազատ վարժության գորգի հատակի նորոգումը: Եվ ընդամենը մեկ խնդրանքով հաջորդ օրն իսկ քաղաքապետարանը ձեռնամուխ եղավ հատակի բետոնապատման աշխատանքներին: Իրենց ասած ժամկետում կավարտվի նորոգումը եւ կունենանք ազատ վարժության նոր գորգ, ինչի համար շատ ուրախ ենք»,- ասաց Հակոբ Սերոբյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում