Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի՝ Մյունխենի «Բավարիա» տեղափոխությունը:
Յուրգեն Կլոպը նշել է, որ «Լիվերպուլի» ֆինանսական միջոցները թույլ չեն տվել իր մարզչական շտաբին մտածել Կոուտինյոյին վերադարձնելու մասին:
«Գերմանական ֆուտբոլի համար Կոուտինյոյի տեղափոխությունը հրաշալի նորություն է, սակայն նույնը չեմ կարող ասել «Բորուսիայի» մասին: Կոուտինյոն բարձր մակարդակի ֆուտբոլիստ է, և վստահ եմ, որ լավ մրցաշրջան է անցկացնելու «Բավարիայում»:
«Լիվերպուլը» չէր կարող վերադարձնել Կոուտինյոյին, քանի որ մենք արդեն ծախսել էինք այն գումարը, որը ստացել էինք ֆուտբոլիստի վաճառքից»,- Կլոպի խոսքը փոխանցում է գերմանական Bild-ը:
Հիշեցնենք, որ Կոուտինյոն ընթացիկ մրցաշրջանը կանցկացնի «Բավարիայում»: Մրցաշրջանի ավարտին մյունխենյան ակումբը հնարավորություն ունի ձեռք բերել բրազիլացի կիսապաշտպանի տրանսֆերը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում