Եթե աշխարհի առաջնությունում կարողանանք շատ մեդալներ նվաճել, գուցե հնարավոր լինի օլիմպիական ուղեգրերի մասով ինչ-որ բան փոխել, տղաներին բաժին հասնող երկու ուղեգիրը դարձնել երեք:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը: Թիմը պատրաստվում է սեպտեմբերին անցկացվելիք աշխարհի առաջությանը։
Հավաքականը ուսումնամարզական հավաք է անցկացնում Աբովյանի մարզաբազայում: Հավաքականի գլխավոր մարզիչն արդեն որոշել է աշխարհի առաջնության մասնակիցներին:
«Աշխարհի առաջնությանը մոտենում ենք լավ մարզավիճակում: Կազմն արդեն որոշված է: 81 կգ քաշային կարգում հանդես կգա Անդրանիկ Կարապետյանը, 89 կգ քաշային կարգում երկու ներկյացուցիչ կունենանք՝ Հակոբ Մկրտչյան եւ Դավիթ Հովհաննիսյան, 102 կգ-ում՝ Սամվել Գասպարյան, 109 կգ-ում՝ Սիմոն Մարտիրոսյան, +109 կգ՝ Գոռ Մինասյան եւ Ռուբեն Ալեքսանյան: Երկու մասնակից էլ կունենանք աղջիկների պայքարում․ Իզաբելա Յայլյան՝ 59 կգ, Տաթեւ Հակոբյան՝ 87 կգ:
Թիմը գրեթե պատրաստ է աշխարհի առաջնությանը: Բայց դեռ ունենք մարզումային վերջին փուլ: Այժմ Աբովյանի մարզաբազայում ենք հավաք անում: Այստեղից թիմը կմեկնի Ուկրաինա, որտեղ կանենք վերջին հավաքը: Աշխարհի առաջնությանը պատրաստվում ենք դեռ մայիսից, բոլոր ամսիներին էլ անցկացրել ենք հավաք:
Այս աշխարհի առաջնությունը կարեւոր է մեզ համար օլիմպիական ուղեգրերի քանակի առումով: Այս պահին մեր հավաքականին հասնում է երկուական օլիմպիական ուղեգիր՝ երկու տղաների, երկու աղջիկների: Եթե լավ հանդես գանք Թաիլանդում եւ շատ մեդալներ նվաճենք, մեծ հավանականություն կա տղաների ուղեգրերի քանակը դարձնել երեք: Մտածում ենք աղջիկների մի ուղեգիրը տալ տղաներին: Ամեն ինչ կարող է փոխվել, բայց այս պահին այսպիսին է մեր վիճակը»,- ասաց Փաշիկ Ալավերդյանը:
Աշխարհի առաջնությունը կանցկացվի սեպտեմբերի 18-27-ը Թաիլանդի Պատայա քաղաքում:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում