22:40  ,  14 օգոստոսի, 2019

7-րդ ՀԽ․ Կանանց մենախաղի եզրափակիչում վիճաբանությունը որեւէ կապ չունի Իռենա Մուրադյանի պարտության հետ

Համահայկական 7-րդ խաղերի թենիսի կանանց մրցաշարի երզափակիչում տեղի ունեցած վիճաբանության պատճառը ոչ թե պարտվող կողմի անհամաձայնության խնդիրն էր, այլ չեմպիոնի մարզիչի բաց թողած ռեպլիկն ու ոչ մարզչական պահվածքը:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Համահայկական 7-րդ խաղերի փոխչեմպիոն, Հայաստանի բազմակի չեմպիոն Իռենա Մուրադյանի մայրը՝ Լուսինե Գասպարյանը:

«Ցանկանում եմ պարզաբանում մտցնել այսօրվա եզրափակիչի ընթացքում տեղի ունեցած վիճաբանության մասին, քանի որ սխալ է հասկացվել: Մենք՝ պարտվող կողմը, չի վիճել արդյունքների համար: Մենք այսօրվա եզրափակիչի արդյունքի հետ որեւէ անհամաձայնություն չունենք: Որեւէ մրցավարական անարդարություն չի եղել:

Խնդիրը եղել է այն, որ չեմպիոնի մարզիչը խաղի ընթացքում հուշել է իր աշակերտին, մրցավարների կողմից կոպիտ նկատողություն ստացել, ապա որոշել խաղի ավարտից հետո պարզել իր հարցերը: Լարվածությունը սկսվեց այն բանից հետո, երբ Իռենայի մարզիչը ոգեւորության խոսքեր ասաց, ինչը դուր չեկավ Գաբրիելայի մարզիչին: Նա դուրս հրավիրեց մեր մարզիչին եւ հորդորեց տեղից ոչինչ չբղավել, չոգեւորել: Ապա երկրորդ սեթում մատուցման ժամանակ նույն այդ մարզիչը կանոնները խախտեց եւ տեղից բղավեց՝ «դվայնոյ արա»: Սա իրականում օրենքի խախտում է եւ մարզիչն իրավունք չունի խաղի ընթացքում, այն էլ եզրափակիչի ընթացքում իր աշակերտին հուշի՝ ինչպես խաղա: Խաղի մրցավարը Գաբրիելայի մարզիչին նկատողություն տվեց, իսկ նա իր հերթին պատասխանեց՝ «լավ եմ անում»:

Գլխավոր մրցավարը միջամտեց, կարգի հրավիրեց չեմպիոնի մարզիչին, միջամտեց նաեւ ֆեդերացիայի ղեկավարությունը, որից հետո սկսվեց անձնական բնույթի վիրավորանքներով վեճը: Գաբրիելայի մարզիչը խաղի ավարտից հետո որոշեց պարզել իր հարցերը, գլխավոր մրցավարին ասելով՝ «Դու ով էս, որ ինձ ասես՝ ես ինչ անեմ, դու հո «ցար բոգը» չես»: Կրքերը բորբոքվեցին արդեն անձնական բնույթի վիճաբանությամբ:

Ֆեդերացիայի ղեկավարությունը ստիպված եղավ անվտանգության աշխատակիցներին դիմել, որպեսզի կարգի հրավիրեն չեմպիոնի մարզիչին, քանի որ իրավիճակը գնալով ավելի էր լարվում եւ լուրջ հետեւանքներ կարող էր ունենալ: Այս վիճաբանությունը որեւէ կապ չունի Իռենա Մուրադյանի պարտության հետ եւ մենք որեւէ անհամաձայնություն չունենք մրցավարությունից եւ եզրափակիչի արդյունքներից»,- պարզաբանեց Լուսինե Գասպարյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին «Incourt» ակումբում Համահայկական խաղերի թենիսի կանանց մրցաշարի եզրափակիչում մրցեցին Հայաստանի բազմակի չեմպիոն 16-ամյա Իռենա Մուրադյանը եւ 19-ամյա Գաբրիելա Ակոբյանը: Երկուսն էլ Երեւանի թիմից են, պրոֆեսիոնալ խաղացողներ, Հայաստանի ազգային հավաքականի անդամներ: 6:2, 6:4 հաշվով հաղթեց Գաբրիելա Ակոպյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով