17:12  ,  14 օգոստոսի, 2019

Արեգ Վաթյան․ Մենք «ֆոկուսնիկ» չենք, որ 10 օրում թիմ ձեւավորենք

Մենք «ֆոկուսնիկ» չենք, որ 10 օրում թիմ ձեւավորենք, դրսից հրավիրված բասկետբոլիստներին հարմարեցնենք մեր խաղաոճին, տղաների անձնագրերի ու վիզաների հարցերը լուծենք: Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում տղաների պարտության պատճառները մեկնելուց առաջ ստեղծված մի շարք խնդիրներն էին:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց տղամարդկանց բասկետբոլի Հայաստանի մինչեւ 18 տարեկանների հավաքականի ավագ մարզիչ Արեգ Վաթյանը:

Հուլիսի 28-ից օգոստոսի 4-ը Անդորրայում տեղի ունեցած Եվրոպայի Մ-18 C դիվիզոնի առաջնությունում Արեգ Վաթյանի գլխավորած հավաքականը ձախողվեց, թեեւ երկու տարի առաջ այս նույն առաջնությունում հավաքականը նվաճել էր չեմպիոնի կոչումը:

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի մինչեւ 18 տարեկանների հավաքականը Անդորրայում, Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության խմբային փուլի առաջին խաղում 81։82 հաշվով պարտվել էր Մալթայի թիմին, երկրորդ խաղում՝ 57։77 հաշվով ալբանացիներին, երրորդ խաղում՝ 57։69 հաշվով Ջիբրալթարին, չորրորդ խաղում՝ 60:72 հաշվով Սան Մարինոյին, 76։81 հաշվով՝ Անդորրային։ Իսկ վերջին խաղում մրցեց Մոլդովայի թիմի հետ եւ հաղթեց 91։60 հաշվով՝ գրավելով նախավերջին տեղը։

Պարոն Վաթյան, ինչո՞ւ Ձեր գլխավորած թիմն այդքան վատ հանդես եկավ:

Մինչեւ գնալը բավական լուրջ խնդիրների առաջ կանգնեցինք: Ունենք 18 տարեկան բանակային տարիքի տղաներ հավաքականում: Կազմում ունեինք 4 բասկետբոլիստներ, որոնք պետք է անցնեին զինծառայության: Թիմը մինչեւ վերջին վայրկյանը չգիտեր, թե ինչ կազմով է մեկնելու առաջնության: Մինչեւ վերջին պահը խնդիրները շատ էին եւ չէինք կարողանում դրանց լուծում տալ: Փաստաթղթերը չէինք կարողանում ձեւակերպել: Այս ամենն իր ազդեցությունն ունեցավ, մեր միակ հավաքն անցավ շատ լարված ու նյարդային: Չգիտեինք՝ ով է կարողանալու մեկնել Անդորրա:

Եվ արդյունքում՝ ստացվե՞ց։ Ձեր ուզած թիմով մեկնեցի՞ք, թե՞ եղան փոփոխություններ:

Արդյունքում՝ հասցրեցինք: Նման կարեւոր մրցաշարերից առաջ մենք պետք է ունենանք նախապատրաստական փուլի հստակ ժամանակ, պետական պարտադիր աջակցություն, ոչ միայն մինչեւ 18 տարեկանների հավաքականի համար, այլ սկսած 12 տարեկաններից: Մենք վերջին 10 օրում հավաք չպետք է անենք ու մեկնենք մրցաշարի: Հավաքականները տարվա ընթացքում պետք է մասնակցեն մի շարք մրցաշարերի, ունենան ուսումնամարզական հավաքներ: Պետք է կարողանանք ընթացքում մեր կադրային հարցերը ժամանակին լուծել, այլ ոչ թե վերջին պահին, որպեսզի գերլարված մթնոլորտում հավաքները չանցնեն: Տղաների բասկետբոլում այս ամենը շատ կարեւոր է:

Ձեր գլխավորած հավաքականը 2016 թվականի չեմպիոնությունից հետո ի՞նչ մրցաշարեր ու հավաքներ է անցկացրել:

Իրավիճակը սա է. չկա ֆինանս, որ հավաքականը պատրաստվի, մարզվի, հավաք անցնի, ու լավ մարզավիճակում մեկնի մրցաշարերի: Չկա, այդ ամենը գոյություն չունի: Չեմպիոնությունից հետո կազմը պահպանվել էր  70 տոկոսով: Մնացած բոլոր թիմերը, որոնք մասնակցում էին այս առաջնությանը, բացի Ալբանիայից եւ Կիպրոսից, 99 տոկոսով պահպանել էին իրենց կազմերը: Անցկացրել էին բավական լուրջ հավաքներ, մասնակցել էին մրցաշարերի եւ լավ մարզավիճակում մոտեցել այս առաջնությանը: Օրինակ՝ Մոնակոյի հավաքականը շուրջ 8 ամիս հավաք էր անցել: Այժմ հանդես է գալիս Ֆրանսիայի լիգաներից մեկում: Արդյունքում նրանք մինչեւ երզափակիչ հասան, այն դեպքում, երբ երկու տարի առաջ նույն թիմն ընդհանրապես խմբից դուրս չեկավ:

Դժվար է 10 օրվա մեջ կոմպլեկտավորել թիմ: Մենք դրսից հրավիրված խաղացողներ ունենք, բայց նրանց էլ ժամանակ է պետք թիմին հարմարվելու համար: Խաղացողների մենթալիտետները, խաղաոճերը տարբեր են: Մենք «ֆոկուսնիկ» չենք, որ կարողանանք կարճ ժամանակահատվածում թիմ ստեղծենք եւ լավ մարզավիճակ ձեռք բերենք:

Ստացվում է, որ թիմն անպատրաստ էր մեկնե՞լ մրցման:

Մեր վրա մեծ հոգեբանական ազդեցություն թողեց առաջին պարտությունը Մալթայի հետ խաղում: Ամբողջ խաղի ընթացքում 15 միավորով առաջ էինք: Պատճառը հոգեբանականն էր, որ պարտվեցինք: Մյուս խաղերում մեր մրցակիցները բավական կոպիտ էին խաղում: Հիմնական խաղացողներից երեքը վնասվածք ստացան եւ մենք շարունակեցինք պայքարը ոչ լիարժեք կազմով: Եթե հաշիվներն ուսումնասիրեք, պարզ երեւում է, որ բոլոր խաղերում մոտ ենք եղել հաղթանակի, չնչին միավորներով ենք պարտվել: Բայց յուրաքանչյուր խաղի վերջին պահին ուղղակի ինչ-որ բան խանգարում էր: Իսկ հիմնական պատճառն այն էր, որ թիմը երկար ժամանակ չի ունեցել խաղային փորձ:

Նախորդ անգամ, երբ չեմպիոն դարձանք, դեռ ամիսներ առաջ սկսել էինք պատրաստվել, մրցաշարերի մասնակցել: Իսկ այս անգամ ամեն ինչ արվեց 10 օրում: Էլ չգիտեինք՝ թիմը պատրաստե՞նք, մարզումներ անե՞նք, թե՞ թղթերը կարգավորենք, անձնագրերը պատրաստենք:

Խնդիրն ավելի գլոբալ է: Շատ կուզենայի ուշադրություն հրավիրվեր այս ամենին: Պետք է գոյություն ունենա խաղային ձեւերի զարգացման ծրագիր: Խոսքը ոչ թե աջակցության մասին է, որը հատկացվում է պետության կողմից ֆեդերացիաներին, այլ կոնկրետ զարգացման ծրագիր, որը կաշխատի բոլոր մարզաձեւրի համար եւ շարունակական կլինի: Մեզ հատկացվող պետական բյուջեով կարողանում ենք միայն Հայաստանի առաջնություններ անցկացնել եւ մեկնել Եվրոպայի առաջնության: Դրանից բացի ոչ մի գործ չի արվում, ֆինանս չկա, որ ստեղծվեն 12, 14, 16 տարեկանների հավաքական թիմեր: Ամեն ինչ թողնում են ֆեդերացիայի վրա: Ֆեդերացիան էլ պետք է անի հովանավորների միջոցով: Իսկ Հայաստանում մեր օրերում հովանավոր գտնելը պրոբլեմատիկ  է: Երեխաները պետք է փոքր տարիքից մասնակցեն մրցաշարերի, որպեսզի մեզ համար տեսանելի լինի 16 տարեկանների հավաքականի ապագա կազմը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով