15:08  ,  14 օգոստոսի, 2019

Համահայկական խաղեր․ Վեճ, վիրավորանքներ, դատարկ տրիբունաներ, չեմպիոնական մրցախաղ (ֆոտո)

Երեւանի «Incourt» թենիսի ակումբում կայացավ Համահայակական 7-րդ խաղերի թենիսի կանանց մրցաշարի եզրափակիչը: Չեմպիոնի կոչումը նվաճեց Երեւանի թիմի անդամ 19-ամյա Գաբրիելա Ակոպյանը, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

Օգոստոսի 14-ին «Incourt» ակումբում Համահայկական խաղերի թենիսի կանանց մրցաշարում եզրափակիչում մրցեցին Հայաստանի բազմակի չեմպիոն 16-ամյա Իռենա Մուրադյանը եւ 19-ամյա Գաբրիելա Ակոբյանը: Երկուսն էլ Երեւանի թիմից էին, պրոֆեսիոնալ խաղացողներ, Հայաստանի ազգային հավաքականի անդամներ: 6:2, 6:4 հաշվով հաղթեց Գաբրիելա Ակոպյանը:

Նա Մոսկվայից է, բայց հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կազմում:

«Հիմա չեմ հասկանում՝ ինչ է կատարվում շուրջս: Դեռ էմոցիաների տակ եմ: Ինձ համար շատ կարեւոր հաղթանակ էր: Շնորհակալ եմ մարզիչներիս, ծնողներիս եւ ընկերներիս, որ այսօր ինձ աջակցեցին: Մրցակիցս շատ ուժեղ էր: Զգացվում էր, որ մեծ աշխատանք էր տարել: Ուրախ եմ, որ կարողացա նրան հաղթել: Շնորհավարում եմ նրան երկրորդ տեղի կապակցությամբ:

Համահայկական խաղերին առաջին անգամ եմ մասնակցում: Ամեն ինչ շատ լավ է, բացառությամբ վեճերի: Մասնավորապես այս հաղթանակից հետո երկրպագուները վեճի բռնվեցին, իրար դեմ են դուրս եկել»,- ասաց չեմպիոնը:

Արծաթե մեդալակիր Իռենա Մուրադյանի խաղը եզրափակիչում բավական էմոցոնիալ ստացվել:

«Բոլորն էլ մասնակցում են հաղթելու համար: Խաղի ընթացքում էմոցիաներ միշտ լինում են: Պարտվեցի, բայց ինձ համար արդյունավետ խաղ ստացվեց: Ինձ դուր եկավ, գերլարված պայքար ստացվեց: Երեւի հոգնածությունն էր պատճառը, որ ինձ համար լավ չդասավորվեց խաղը: Կիսաեզրափակիչի խաղս բարդ ու երկար տեւեց, սթրեսային էր, լարված: Այսօր չհասցրեցի վերակագնվել եւ երեւի դա էլ դարձավ պատճառ, որ պարտվեցի: Մրցակցիս հետ պարբերաբար հանդիպում ենք կորտում, երկու տարի անընդմեջ նրան հաղթել եմ: Այս խաղում ինչ-որ բան չստացվեց:

Երկրորդ անգամ եմ մասնակցում Համահայկական խաղերին: Այս Խաղերում մրցակիցներն ավելի ուժեղ էին, ավելի հետաքրքիր են դառնում խաղերը եւ համառ պայքար կա»,- նշեց Իռենա Մուրադյանը:  

Համահայկական խաղերի թենիսի մրցաշարի գլխավոր մրցավար Արսեն Մովսիսյանի խոսքով, չնայած 7-րդ Խաղերի թենիսի կանանց մրցաշարում մասնակիցների քանակը նախորդ Խաղերի համեմատ քիչ էր, բայց մրցակցությունն ավելի մեծ էր ու լարված:

«Համահայկական 7-րդ խաղերի թենիսի կանանց մրցաշարում ունեինք 30 մասնակից: Կար մեծ մրցակցություն: Մասնավորապես կիսաեզրափակիչներն ու եզրափակիչները թեժ պայքարում ընթացան: Եզրափակիչը շատ հետաքրքիր ստացվեց»,- շեշտեց Արսեն Մովսիսյանը:

Եզրափակիչ դուրս եկած թենիսիստուհիները բարդ ու լարված պայքարում որոշեցին հաղթողին: Խաղի ընթացքում թենիսիստուհիների մարզիչներն ու ծնողները պարբերաբար միջամտում էին, հուշում մոտեցումների ժամանակ եւ պարբերաբար նկատողություններ ստանում մրցավարի կողմից: Խաղի վերջում երկու կողմերի մարզիչները, ծնողների միջեւ վիճաբանություն տեղի ունեցավ: Իռենա Մուրադյանի կողմակիցները համաձայն չէին պարտության հետ եւ դրանում մեղադրում էին Գաբրիելլա Ակոպյանի մարզիչներին եւ մրցավարին՝ պնդելով, որ մրցավարը սխալ է դատել խաղը եւ չի սաստել տրիբունաներից պարբերաբար հուշող աջակիցներին:

Վիճաբանությանը միջամտեց նաեւ գլխավոր մրցավար Արսեն Մովսիսյանը եւ լեզվակռիվը վերածվեց անձնական վիրավորանքների:

Համահայկական 7-րդ խաղերի թենիսի կանանց մրցաշարի եզրափակիչն անցավ դատարկ տրիբունաներով: Երկրպագուները միայն եզրափակիչի մասնակիցների մարզիչներն էին ու ծնողները:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում