17:45  ,  12 օգոստոսի, 2019

Լեւոն Աղասյան․ Չեմպիոն դարձա, բայց մեդալ չստացա

Աթլետիկայի Եվրոպայի թիմային առաջնության 3-րդ լիգայում եռացատկի մրցաշարում առաջատարն էի, չեմպիոն դարձա, բայց մեդալ չստացա: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի հավաքականի առաջատար եռացատկորդ Լեւոն Աղասյանը:

Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում օգոստոսի 10-11-ն անցկացված աթլետիկայի Եվրոպայի թիմային առաջնության 3-րդ լիգայում Լեւոն Աղասյանը դարձել է հաղթող։   

«Մասնակցում էին Իսլանդիան, Սերբիան, Բոսնիան, Մոլդովան, Մոնտենեգրոն, Մակեդոնիան, Սան Մարինոն, Կոսովոն, Ալբանիան, Ադրբեջանը, Անդորրան:

Եռացատկում հանդես էր գալիս 12 մարզիկ: Ես ցատկեցի 16 մետր 46 սմ՝ գրավելով առաջին տեղը, երկրորդ տեղում Ադրբեջանի ներկայացուցիչն էր, 3-րդը՝ Մոլդովան: Մասնակցել եմ նորմալ, կարող էի ավելի լավ, ինչպես միշտ: Մրցումից մրցում ավելի լավ ես զգում քո սխալները ու սկսում ես աշխատել ավելի շատ դրանք ուղղելու համար: Իմ կարծիքով՝ շատ շուտով լավ է լինելու: Ընդհանուր գոհ չեմ իմ արդյունքից, որովհետեւ, ինչպես ասացի, կարող էի շատ ավելին անել»,- ասաց Լեւոն Աղասյանը:

Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 6-րդ տեղը: Հայաստանի ներկայացուցիչ Երվանդ Մկրտչյանը 3000 մետր խոչընդոտավազքում 2-րդն է (8.59.15) արդյունքով, 1500 մետր վազքում՝ 3-րդը (3.50.47): Արծաթե մեդալակիրներ են դարձել նաեւ հեռացատկորդ Արտակ Համբարձումյանը (7.24), Էլլադա Ալավերդյանը (3000 մետր խոչընդոտավազք 11.08.01): Սակայն առաջնության վերջում հայ աթլետները մեդալներ չեն ստացել:

«Առաջնությունում ոսկե մեդալակիր դարձա, սակայն մեդալ չստացա: Չգիտեմ՝ ինչու: Մեր թիմից ոչ մեկ մեդալ չի ստացել: Երեւի թիմային հաշվարկում 6-րդն էինք, այդ պատճառով մեդալ չստացանք»,- նշեց Լեւոն Աղասյանը:

Հայաստանը Եվրոպայի թիմային առաջնությանը մասնակցել է 18 մարզիկով:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում