18:46  ,  10 օգոստոսի, 2019

Կարեն Խաչանով․ Երբեք հեշտ չի եղել խաղալ ընկերոջ եւ հայրենակցի դեմ

Երբեք հեշտ չի եղել խաղալ ընկերոջ եւ հայրենակցի դեմ, ասել է Ռուսաստանի առաջին ռակետ Կարեն Խաչանովը Մոնրեալում ընթացող «Մասթերս-1000» մրցաշարի կիսաեզրափակիչից առաջ։

Հայ մարզիկի մրցակիցը կլինի Ռուսաստանի երկրորդ ռակետ Դանիիլ Մեդվեդեւը։ Առաջին անգամ այս շարքի մրցաշարերի կիսաեզրափակիչում կլինի ռուսաստանյան դիմակայություն։

Քառորդ եզրափակիչում Խաչանովը Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերեւին հաղթել էր 6։3, 6։3 հաշվով։ Մեդվեդեւը 6։3, 6։1 հաշվով պարտության էր մատնել ավստրիացի Դոմինիկ Տիմին։

«Զվերեւի դեմ տակտիկապես լավ հանդիպում անցկացրի, բայց նա իր լավագույն խաղը չցուցադրեց։

Մեդվեդեւի հետ ընկերներ ենք, 12 կամ 14 տարեկանից բոլոր մրցաշարերին մասնակցել ենք միասին։ Գերազանց ենք ճանաչում իրար։ Մի կողմից դա բարդացնում է պայքարը, բայց երկուսս էլ գիտենք, ինչ սպասել եւ խաղում ենք բացարձակ տարբեր ոճերով։ Ակնկալում ենք հետաքրքիր պայքար»,- Խաչանովի խոսքը մեջբերում է ATP-ի մամուլի ծառայությունը։

Խաչանով - Մեդվեդեւ հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 10-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Կիսաեզրափակիչում է նաեւ իսպանացի Ռաֆայել Նադալը, որի մրցակիցը կլինի ֆրանսիացի Գաել Մոնֆիսի եւ իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտի դիմակայության հաղթողը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում