22:42  ,  8 օգոստոսի, 2019

Ալեքսանդր Տարխանով. Սա լավ փորձ էր «Փյունիկի» համար

Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում անգլիական «Վուլվերհեմփթոնին» պարտվելուց հետո (0:4) Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը պատասխանեց լրագրողների հերցերին:

«Պատկերացնում էինք, որ ուրիշ մակարդակի թիմ է: Սակայն, առաջին 30 րոպեները մենք լավ անցկացրեցինք և չէինք սխալվում: Զգուշացրել էի թիմիս, որ պետք է հնարավորինս քիչ սխալվենք, քանի որ մրցակիցը կարող է պատժել ցանկացած դրվագում:

Սա լավ փորձ էր «Փյունիկի» համար: Մրցակցի կազմում խաղում են բարձրակարգ ֆուտբոլիստներ, որոնք հանդես են գալիս իրենց երկրների ազգային հավաքականներում: Գոլեր բաց թողեցինք տարրական սխալների հետեւանքով:

Զգացվեց Էրիկ Վարդանյանի բացակայությունը, որը կարող էր իր դրիբլինգի հաշվին կազմակերպել մեր թիմի խաղը: Արտյոմ Սիմոնյանը և Ստանիսլավ Եֆիմովը լավ ֆուտբոլիստներ են, սակայն չկարողացան փոխարինել Էրիկին:

Մեզ հասավ ամենահզոր հնարավոր մրցակիցը, որը կարող է պայքարել նաև Եվրոպայի լիգայում հաղթելու համար:

Հայաստանում պայքարելու ենք չեմպիոնության համար, եթե իհարկե մրցավարները թույլ տան (ծիծաղում է): Դեռ կունենանք համալրումներ և էլ ավելի կուժեղացնենք կազմը: Ծա՞նր է պարտվել 0:4 հաշվով: Այդպիսի հաշվով երբեմն պարտվում է նույնիսկ «Բարսելոնան»: Տղաները մի փոքր ընկճված են, սակայն նրանց հետ համապատասխան հոգեբանական աշխատանք կտանենք»,- նշեց ռուսաստանցի մասնագետը:

Հիշեցնենք, որ Երևանի «Հանրապետական» ստադիոնում տեղի ունեցած խաղում դուբլ ձևակերպեց Ռաուլ Խիմենեսը, մեկական գոլ խփեցին Մեթ Դոհերթին և Ռուբեն Նևեսը:

Թիմերի պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 15-ին Անգլիայում:

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով