18:23  ,  7 օգոստոսի, 2019

Ալեքսանդր Տարխանով․ «Փյունիկն» ունի եվրագավաթներում հանդես գալու ավելի մեծ փորձ, քան «Վուլվերհեմփթոնը»

Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Վուլվերհեմփթոնի» դեմ Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղից առաջ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը և թիմի կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը պատասխանեցին լրագրողների հարցերին:

«Մեկշաբաթյա նախապատրաստություն անցանք «Յաբլոնեցի» դեմ խաղից հետո: Գլխավոր նպատակը չեխերի հետ դիմակայությունից հետո վերականգնվելն էր: Լավ ուսումնասիրել ենք մրցակցին: Լավ թիմ է, որի կազմում բարձրակարգ ֆուտբոլիստներ են հանդես գալիս: Շատ պորտուգալացիներ ունեն իրենց կազմում: Պատահական չէ, որ զբաղեցրել են 7-րդ տեղը Պրեմյեր լիգայում անմիջապես առաջատար ակումբներից հետո:

Մարզչական կարիերայում Ռուսաստանում հանդիպել եմ այս կարգի ակումբների, սակայն բոլորիս համար սա շատ կարևոր հանդիպում է: Երկու թիմերն էլ կոմբինացիոն խաղ են ցուցադրում և հետաքրքիր խաղ է սպասվում: Իրենց հաղթելու համար պետք է ներդնենք մեր ամբողջ ուժերը: «Վուլվերհեմփթոնը» կիսապաշտպանությունում և հարձակման գծում շատ զորեղ է: Պետք է զրկենք մրցակցին տարածությունից, քանի որ իրենք կարող ոն օգտագործել ցանկացած ազատ սանտիմետրը: Պետք է արագ մտածենք և գործենք, որպեսզի կարողանանք հաջող հանդես գալ: Ֆավորիտներ չեն լինում: Հնարավորությունները հավասար են: Մտավախություն չունեմ, որ խոշոր հաշիվ կգրանցվի: Լավ մրցակից է, որի դեմ, սակայն, խաղալ հնարավոր է: Ափսոս, որ Էրիկ Վարդանյանը բաց կթողնի երևանյան հանդիպումը:

Պետք է դուրս գանք և անվախ ֆուտբոլ խաղանք: Մենք եվրագավաթներում հանդես գալու ավելի մեծ փորձ ունենք, քան «Վուլվերհեմփթոնը», որի համար այս մասնակցությունը առաջինն է պատմության մեջ (ծիծաղում է)»,- նշեց ռուս մասնագետը:

Արտյոմ Սիմոնյանն անդրադարձավ թիմի վիճակին «Յաբլոնեցի» դեմ խաղից հետո։

«Մեր նպատակը լավ վերականգնվելն էր: Վաղվա խաղը ամեն ինչ ցույց կտա: Շատ ընկերներ ունեմ «Փյունիկում»: Ուրախ եմ, որ այստեղ եմ, սա Հայաստանի լավագույն ակումբն է: Մենք լավ կոմբինացիոն ֆուտբոլ ենք ցուցադրում և հաճույք ենք ստանում մեր խաղից: Հիանալի հնարավորություն է խաղալ աշխարհի լավագույն լիգան ներկայացնող թիմի հետ: Մենք հարգում ենք մրցակցին, սակայն կխաղանք մեր ֆուտբոլը»,- նշեց Արտյոմ Սիմոնյանը։

Օգոստոսի 8-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում նախատեսված խաղը կմեկնարկի 20։00-ին։ 

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով