21:49  ,  6 օգոստոսի, 2019

Վարդան Մինասյան. «Արարատ-Արմենիային» չհերիքեց փորձը

Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի` Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալոյի» դեմ խաղից հետո «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Երեւանյանը թիմը պարտվել է 1։2 հաշվով։

«65-70-րդ րոպեներից մեր թիմի մոտ ֆունկցիոնալ խնդիրներ զգացվեցին և սկսեցինք անհատական ֆուտբոլ խաղալ: Մեզ մի փոքր չհերիքեց փորձը և ֆիզիկական վիճակը: Մրցակցի առաջնությունն ընթացքի մեջ է, և իրենք ավելի լավ մարզավիճակում են: Ամբողջ թիմի մոտ հոգնածություն նկատվեց: Առաջին խաղակեսում շատ էներգիա ծախսեցինք, քանի որ ձգտում էինք ճնշում գործադրել: Երկրորդում հոգնածություն նկատվեց ամբողջ թիմի մոտ: Նոր ֆուտբոլիստներ ունենք, և ժամանակ է պետք խաղակցվածությունը բարելավելու համար: Առաջին խաղակեսում մեզ մոտ ստացվեց լավ ֆուտբոլ ցուցադրել:

Չեմ կարող ասել, որ «Սաբուրթալոն» զարմացրեց մեզ, սակայն մենք դեռ կայանալու խնդիր ունենք: Նորեկները լավ են հանդես գալիս դրվագներով: Մրցակիցը շատ ուշադիր էր Պետրոս Ավետիսյանի նկատմամբ: Ցանկալի կլիներ, որպեսզի մենք իրացնեինք գոլային պահերն առաջին խաղակեսում: Վրաստանում, միանշանակ, խաղալու ենք հաղթանակի համար: Սակայն, առայժմ կենտրոնացած ենք օգոստոսի 10-ին կայանալիք «Գանձասար-Կապանի» դեմ խաղի վրա»,- նշեց Մինասյանը:

«Արարատ-Արմենիայի» և «Սաբուրթալոյի» միջև պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 14-ին Թբիլիսիում:

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով