21:44  ,  6 օգոստոսի, 2019

NEWS.am Sport-ն՝ Արցախից․ «Հանրապետականում» աննկարագրելի տոնական տրամադրություն է (ֆոտո)

Ստեփանակերտի «Հանրապետական» ստադիոնում անբացատրելի տրամադրություն է։ Ոչ մի ազատ տեղ չկա, մուտքերը խցանված են, շատ երկրպագուներ չեն կարողացել հրավիրատոմսերով նույնիսկ իրենց տեղը զբաղեցնել: Մարզադաշտի կենտրոնում նախքան Համահայկական խաղերի բացման արարողության մեկնարկը տարբեր քաղաքների պատվիրակությունների մարզիկները պարում էին Հայաստանի պատվիրակությունների ներկայացուցիչների հետ։ Փարիզի թիմի ներկայացուցիչ Վանիկ Հակոբյանը Թալինի թիմի հետ մինչեւ Խաղերի մեկնարկը պարում էր հենց մարզադաշտի կենտրոնում։

«Ուրախ եմ այստեղ գտնվելու համար։ Ամեն ինչ հրաշալի է։ Հաճելի է, որ ամենքս հայ ենք այստեղ, աշխարհի բոլոր հայերը հավաքվել են այստեղ։ Միայն այս համախմբվելու եւ միասին Արցախի հողում գտնվելու համար կարեւոր է այստեղ լինելը։ Պարում ենք, ուրախանում ենք, հայի ցեղը պաշտպանում ենք այստեղ։ Ես որպես մարզիկ չեմ եկել, որպես պատվիրակության անդամ եմ։ Բայց շատ ուրախ եմ, որ ունեցա հնարավորություն ներկա գտնվելու Խաղերին։ Այստեղ շատ խորոված եմ ուտում եւ շատ նոր ընկերներ եմ ձեռք բերել»,- ասաց Վանիկ Հակոբյանը։

Բրազիլիայի Սան Պաուլոյի հավաքականի անդամ, Բրազիլիայի հայկական համայնքի ներկայացուցիչ Վազգեն Եգիներիանը կարեւորում է Արցախում Համահայկական խաղերի անցկացումը։

«Մեծ տպավորություններ ունենք։ Մեծ հույս ունենք, որ այսօր անմոռանալի օր ենք ունենալու եւ բացման արարողություն։ Մասնավորապես ինձ շատ հուզել է պատմական Արցախի հողի վրա գտնվել։ Մեր թիմի մեծ մասն առաջին անգամ է հայրենիքում եւ բոլորը շատ ուրախ են այստեղ գտնվելու համար։ Սպասում ենք լավ օրեր անցկացնել այստեղ։ Բրազիլիայի թիմը կմասնակցի մինի ֆուտբոլով եւ շախմատով։ Վաղը մեր թիմը կսկսի պայքարը։ Այսօր ենք ժամանել Արցախ, դեռ չենք հասցրել շրջել քաղաքով, բայց այն ինչ տեսել եմ, զգացի որ մեծ փոփոխություններ կան քաղաքում։ Շատ կարեւոր է Արցախում Խաղերի անցկացումը։ Այս հողի վրա շատ արյուն է թափված եւ մենք պետք է ամեն գնով պահպանեք այս հողը։ Կարեւոր է Արցախում Խաղերի անցկացումն այնքանով, որ բոլոր այն երկրները, որոնք չեն ճանաչում Արցախը, գան, տեսնեն, լսեն Արցախի մասին»,- ասաց Վազգեն Եգիներիանը։

Պատվիրակությունների շքերթը տեւելու է 1,5 ժամ, մասնակցելու է շուրջ 5000 մարզիկ 145 քաղաքից։ Խաղերի ջահը վառելու են օլիմպիական չեմպիոն Հրաչյա Պետիկյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանը եւ Համահայկական խաղերի համաշխարհային գործկոմի փոխնախագահ Ալբերտ Բոյաջյանը։

Խաղերի ծրագրում ընդգրկված է 17 մարզաձեւ: Խաղարկվելու է 105 մեդալային հավաքածու: Համահայկական խաղերը սպասարկելու է 406 մրցավար՝ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից եւ Ղազախստանից: Գլխավոր մրցավարը սպորտի վաստակավոր գործիչ, օլիմպիական մրցավար Դերենիկ Գաբրիելյանն է: 

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում