19:31  ,  6 օգոստոսի, 2019

Ստեփանակերտի «Հանրապետական» ստադիոնը պատրաստ է Համահայկական խաղերի բացմանը (ֆոտո)

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան «Հանրապետական» ստադիոնում այս պահին վերջին աշխատանքներն են տարվում Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման արարողությունից առաջ։

Մարզադաշտում արդեն տեղադրված է ջահը վառելու բեմը, սակայն կազմակերպիչները մինչեւ վերջ չեն հայտնում, թե ինչպես եւ որտեղ է վառվելու կրակը։

Լրագրողների համար նախատեսված է հատուկ գոտի, որտեղից լրատվամիջողների ներկայացուցիչները կարող են միայն հետեւել բացման արարողությանը, սակայն տեղաշարժվել մարզադաշտում չի թույլատրվում ինչպես լրագրողներին, այնպես էլ օպերատորներին եւ լուսանկարիչներին։

Ի դեպ, բացի հավատարմագրման համար նախատեսված բեյջերից, կան նաեւ հատուկ հրավիրատոմսեր, առանց որոնց լրագրողները չեն կարող մտնել ստադիոն ։ Ըստ կազմակերպիչների, մարզադաշտի բոլոր տեղեր զբաղված են։ Հենց դաշտի կենտրոնում տեղադրված են նաեւ հատուկ հյուրերի համար նախատաեսված նստարանները։ Բացման արարողությունը տեւելու է 3 ժամ։

Պատվիրակությունների շքերթը տեւելու է 1,5 ժամ, որին մասնակցելու է շուրջ 5000 մարզիկ 145 քաղաքից։ Խաղերի ջահը վառելու են օլիմպիական չեմպիոն Հրաչյա Պետիկյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանը եւ Համահայկական խաղերի համաշխարհային գործկոմի փոխնախագահ Ալբերտ Բոյաջյանը։

Խաղերի մեկնարկից ժամեր առաջ արդեն «Հանրապետական» ստադիոն են ժամանել 145 քաղաքների պատվիրակությունները: Մեծ պատվիրակությունով է ներկայացել Ռուսաստանը՝ 368 մարզիկ, ԱՄՆ-ը՝ 308 մարզիկ, Արցախը՝ 298 մարզիկ: Ամենահեռավոր պատվիրակությունը Ավստրիայից է՝ 86 մարզիկով: Ամենափոքր պատվիրակությունը Շվեդիան է՝ 1 մարզիկ: Ամենամեծ պատվիրակությունը Հայաստանն է առանձին քաղաքներով: Միայն Երեւանի թիմը շուրջ 400 մասնակից ունի, Շիրակի մարզը՝ 177:

Խաղերի ծրագրում ընդգրկված է 17 մարզաձեւ: Խաղարկվելու է 105 մեդալային հավաքածու: Համահայկական խաղերը սպասարկելու է 406 մրցավար՝ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից եւ Ղազախստանից: Գլխավոր մրցավարը սպորտի վաստակավոր գործիչ, օլիմպիական մրցավար Դերենիկ Գաբրիելյանն է: Վերակառուցված «Հանրապետական» ստադիոնը տեղավորում է 10 հազար  հանդիսատես։ Խաղերի գլխավոր հովանավորը «Տաշիր Գրուպն» է։

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Արսեն Սարգսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում