17:29  ,  6 օգոստոսի, 2019

Իշխան Զաքարյան․ Համահայկական 7-րդ խաղերը լինելու են բացառիկ

Համահայկական 7-րդ խաղերը լինելու են բացառիկ՝ նկատի ունենալով Արցախի հանգամանքը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը։

Ստեփանակերտում օգոստոսի 6-ին կմեկնարկի Համահայկական ամառային խաղերը, որին մասնակցելու են շուրջ 5000 մարզիկ Հայաստանից, Արցախից եւ Սփյուռքից։

«Արցախում Խաղերն անցկացնելն ուներ որոշակի բարդություն, չեմ թաքցնում, որ կային նաեւ որոշակի ռիսկեր։ Բայց ամեն ինչ ընթանում է մեր ծրագրածով եւ սպասվում է աննախադեպ եւ իսկապես բացառիկ Խաղեր, այդ թվում եւ Խաղերի բացում։ Համահայկական 7-րդ ամառային խաղերը լինելու են Խաղերի 20-ամյա պատմության լավագույն Խաղերից մեկը։ Իսկ բացման արարողությունը կարծում եմ, կարող է լինել նաեւ լավագույնը։ Բացման արարողությունը շատ գեղեցիկ է լինելու։ Պետք է խնդրեմ, որ ինձ չստիպեք մանրամասնեմ։ Լավ կլինի, որ գեղեցիկ տեսարանները տեսնեք մարզադաշտում։

Արցախը չի կարողանում ապահովել բոլոր մարզաձեւերի ենթակառուցվածները, որպեսզի մենք կարողանանք 17 մարզաձեւերն անցկացնել այստեղ։ Գլխավոր մրցավարի եւ մրցավարական հանձնաժողովի որոշմամբ՝ մի քանի մարզաձեւերի մրցումներ արդեն սկսել ենք, մնացածը կշարունակենք Երեւանում եւ Հայաստանի տարբեր մարզերում։

Նոր իշխանության հետ հարաբերություններս շատ լավ են, գործնական։ Լիարժեք փոխըմբռնման մթնոլորտ կա ինչպես Հայաստանի վարչապես Նիկոլ Փաշինյանի կողմից, այնպես էլ Արցախի նախագահի կողմից։

Այսօր հանդիպում ունեցա Նիկոլ Փաշինյանի հետ եւ շուրջ 1,5 ժամ վարչապետի հետ քննարկեցինք ինչպես 7-րդ Խաղերի, այնպես էլ հետագա Համահայկական խաղերի ինստիտուցիոնալ հնարավորությունների խնդիրները։ Նոր ու հետաքրքիր գաղափարներ ունենք։

Հաճելի է, որ Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ գործող կառավարական հանձնաժողովը եւ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով ստեղծված հանձնաժողովն ամեն ինչով մեզ օգնել են, որ այս Խաղերը կայանանան։

Մեր խնդիրն էր՝ Համահայկական խաղերը դառնան ընդհանուր համահայկական մտածողության արդյունք։ Երեք նոր մասնակից ունենք՝ Դուբայ, Բաղդադ եւ Պրահա»,- ասաց Իշխան Զաքարյանը։

Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 6-ին Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան ստադիոնում ժամը 21։00-ին։ Խաղերի գլխավոր հովանավորը «Տաշիր Գրուպն» է։

Լուսինե Շահբազյան՝ Արցախից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում