23:12  ,  5 օգոստոսի, 2019

NEWS.am Sport-ն՝ Արցախից․ Համահայկական խաղերի մեկնարկից առաջ (ֆոտո)

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Համահայկական 7-րդ ամառային խաղերը, որը մեկնարկելու է օգոստոսի 6-ին երեկոյան 21:00-ին, Ստեփանակերտից փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը: Խաղերի բացման արարողությունը կայանալու է Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտում: Մեկնարկից մեկ օր առաջ օգոստոսի 5-ին մասնակից բոլոր երկրների թիմերը, այդ թվում եւ Երեւանի հավաքականը ժամանել են Ստեփանակերտ:

Խաղերին մասնակցում է շուրջ 7000 մարզիկ Հայաստանից, Արցախից եւ Սփյուռքից: Այս օրերին Արցախը հյուրընկալել է բազմաթիվ հյուրերի, մասնակիցների, Խաղերին հետեւելու նպատակով հայրենիք ժամանած սփյուռքահայերի:

Համահայկական խաղերի մասնակից մարզիկների եւ արցախցիների նախաձեռնությամբ քայլերթ տեղի ունեցավ դեպի մայրաքաղաքի հրապարակ։ Հայաստանի եւ Արցախի դրոշներով, տարբեր գրություններով, «Հայաստան-Արցախ-Սփյուռք՝ միասնական հայրենիք» վանկարկումներով: Խաղերի մասնակիցների համար կայացավ համերգային շոու ծրագիր, որին հաջորդեց շքեղ հրավառությունը:

Ստեփանակերտում եւ Արցախի մյուս քաղաքներում ազատ հյուրանոցներ, հյուրատներ չկան: Բոլորն ամրագրված են եղել դեռեւս մայիսից: Նույնիսկ լրագրողների համար իրադարձությունների կենտրոնում՝ Ստեփանակերտում, հյուրանոց եւ հյուրատուն չի գտնվել: Լրագրողներն այս օրերին կգիշերեն Դրմբոնում՝ արտադրամասի աշխատողների համար նախատեսված կացարանում:

Պայմանների հետ կապված խնդիրների առաջ են կանգնել նաեւ Խաղերի մասնակիցները: Մի քանի երկրների թիմեր գիշերում են դպրոցներում, ճաշում դպրոցների ֆիզկուլտուրայի դահլիճներում: Ի դեպ, անհարմարություններ են ստեղծված նաեւ քաղաքում տեղաշարժվելու առումով: Դեպի մարզադաշտ եւ Վերածննդի հրապարակ տանող բոլոր ճանապարհները փակ են ոստիկանության կողմից:

Ինչ վերաբերում է քաղաքի արտաքին տեսքին, Ստեփանակերտում Խաղերի մասին հուշող շատ քիչ պաստառներ կան: Դրանք հիմնականում կենտրոնական փողոցներում են, այն էլ ոչ այդքան երեւացող վայրերում: Սակայն Խաղերի շունչը զգացվում է անմիջապես Արցախի Հանրապետություն մտնելիս՝ պայմանավորված մարդկանց հոսքով եւ աշխուժությունով:

Խաղերի գլխավոր հովանավորը «Տաշիր Գրուպն» է։

Լուսինե Շահբազյան՝ Ստեփանակերտից 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում