19:07  ,  5 օգոստոսի, 2019

«Սաբուրթալոյի» մարզիչ. Մենք «Արարատ-Արմենիայից» փորձառու թիմ ունենք

Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի` «Արարատ-Արմենիայի» դեմ երևանյան խաղին ընդառաջ տեղի ունեցավ Վրաստանի չեմպիոն Թբիլիսիի «Սաբուրթալոյի» գլխավոր մարզիչ Գեորգի Չաբրիշվիլու նախախաղային մամուլի ասուլիսը:

««Արարատ-Արմենիան» ուրույն խաղային ձեռագրով լավ թիմ ունի: Մեր մրցակցի խաղում կան բարձրակարգ օտարերկրացի և տեղացի ֆուտբոլիստներ: Սակայն, մենք ավելի փորձառու և խաղակցված թիմ ունենք: Պետք է նախաձեռնող ֆուտբոլ խաղանք և դրական արդյունք արձանագրենք: Մեր նպատակը հաղթանակի հասնելն է: Առաջին խաղին վնասվածքի պատճառով չի մասնակցի մեր ֆուտբոլիստներից Վագներ Գոնսալվեշը, դեռ պարզ չէ, արդյոք նա կկարողանա մասնակցել պատասխան հանդիպմանը: Մնացած ֆուտբոլիստները պատրաստ են խաղին:

Մեր առաջատարներից Լաշա Շինդագորիձեն օրեր առաջ տեղափոխվեց Սոլիգորսկի «Շախտյոր»: Դա կորուստ է մեզ համար, սակայն ունենք ֆուտբոլիստներ, որոնք կփոխարինեն Լաշային:

Այն, որ Վրաստանի առաջնությունն ընթացքի մեջ է, առավելություն է «Սաբուրթալոյի» համար: Գիտեմ, որ մեծ թվով վրացի երկրպագուներ ցանկություն են հայտնել գալ վաղվա խաղին: Այդ հանգամանքին նպաստում են նաև մեր երկրների միջև բարեկամական հարաբերությունները Հաջորդ փուլում մեր զույգի հաղթողը կհանդիպի «Նիմե Կալյու» - «Դյուդելանժ» զույգի հաղթողին: Դա շատ լավ հնարավարություն է երկու թիմերի համար: Ցանկանում եմ ընդգծել, որ «Արարատ-Արմենիան» շատ ավելի լուրջ մրցակից է, քան մեր հավանական մրցակիցները փլեյ-օֆֆում»,- նշեց վրացի մասնագետը:

«Արարատ-Արմենիա» - «Սաբուրթալո» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 6-ին «Հանրապետական» ստադիոնում և կմեկնարկի 19:00-ին:

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով