09:09  ,  5 օգոստոսի, 2019

Մարալ Արթին․ «Ալաշկերտի» կանանց թիմը պարտավոր է հաղթել «Բեշիկթաշին» (ֆոտո)

Երեւանի «Ալաշկերտի» կանանց թիմը օգոստոսի 7-ից 13-ը Հոլանդիայում կմասնակցի Չեմպիոնների լիգայի ընտրական փուլին։

Հայկական թիմի մրցակիցները կլինեն հոլանդական «Տվենտեն», լեհական «Գոռնիկը» եւ թուրքական «Բեշիկթաշը»։

NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է «Ալաշկերտի» 19-ամյա հարձակվող Մարալ Արթինի հետ, որը մինչեւ երեւանյան ակումբ տեղափոխվելը Գերմանիայում հանդես է եկել Մյունխենի «Բավարիայում» եւ «Ֆրանկֆուրտում», ներկայացրել է Գերմանիայի պատանեկան հավաքականը։

««Ալաշկերտում» ինձ շատ ջերմ ընդունեցին։ Ծանոթ էի շատ խաղացողների հետ հավաքականի մրցելույթներից, սակայն կա մեծ տարբերություն հավաքականի եւ ակումբի միջեւ։

Տեղափոխվել եմ «Ալաշկերտ» Չեմպիոնների լիգային մասնակցելու համար։ Կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի օգնեմ թիմի հասնել լավ արդյունքների։ Իմ գլխավոր նպատակը «Բեշիկթաշի» նկատմամբ հաղթանակի հասնելն է։ Դա գերազանց մոտիվացիա է։ Մենք պարտավոր ենք հաղթել այդ խաղում։

Ես դարձել եմ Գերմանիայի չեմպիոն եւ լավագույն ռմբարկու Մյունխենի «Բավարիայի» կազմում, հանդես եմ եկել Գերմանիայի պատանեկան հավաքականում։

Իհարկե, գերմանական ֆուտբոլի մակարդակը բարձր է, բայց Հայաստանում եւս կանանց ֆուտբոլն աստիճանաբար զարգանում է։

Հույս ունեմ, որ հերթական խթանը կլինի մեր հաջող մրցելույթը Չեմպիոնների լիգայում։

Ներկա եմ եղել «Ալաշկերտի» տղամարդկանց թիմի հանդիպումներին Եվրոպայի լիգայում։ Մեր տղաները շատ լավ տպավորություն թողեցին։ Հաճելիորեն զարմացրեց այն, որ ստադիոնում ազատ տեղ չկար, գերազանց ֆուտբոլային մթնոլորտ էր։ Նոր հաղթանակներ եմ մաղթում մեր տղամարդկանց թիմին»,- ասաց Արթինը։

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով