09:04  ,  28 հուլիսի, 2019

Գագիկ Սարոյան․ Առաջարկ ենք ստացել Հայաստանում անցկացնել աշխարհի առաջնություն (ֆոտո)

Գեղարքունիքի Հայրավանք համայնքում, Սեւանի ափին տեղի ունեցավ  պաուերլիֆթինգի (ուժային եռամարտ) Սեւանա լճի գավաթի բաց առաջնություն, որը սպորտի նախարարության օրացուցային պլանով Հայաստանի պատանիների մինչեւ 18 տարեկանների առաջնության արդյունք է գրանցել: Առաջնության մասնակցել է նաեւ ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Դավիթ Հարությունյանը, որը նաեւ ռեկորդակիր է դարձել:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի պաուերլիֆթինգի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանը:

«Առաջնությանը մասնակցում էր շուրջ 200 մարզիկ՝ Հայաստանի գրեթե բոլոր մարզերից, սահմանամերձ գոտիներից: Մեծ թվով ուսանողներ էին մասնակցում, ուժային կառույցի ներկայացուցիչներ, ԱԻՆ-ի աշխատակիցներ: Ունեինք նաեւ մասնակից «Կոշ» քրեակատարողական հիմնարկից, որի համար շնորհակալ եմ վարչությանը,  պաշտպանության նախարարությանը:

Հայաստանի առաջնությունն անցկացրեցինք Սեւանի ափին՝ Հայրավանք գյուղում: Այնտեղ առաջնությունն անցկացնելու համար շնորհակալ եմ Գեղարքունիքի մարզպետարանին եւ Գավառի քաղաքապետին, իրենց անմիջական աջակցության համար:

Պայքարն ընթանում էր երկու մրցաձեւում՝ ձգում ծանրաձողով եւ սեղմում պառկած դիրքից: Ձգում ծանրաձողով մրցաձեւում տղամարդկանց պայքարում Հայաստանի չեմպիոններ դարձան Ռուստամ Գրիգորյանը (44 կգ), Վահան Բուդաղյանը (48 կգ), Ջիվան Հովհաննիսյանը (52 կգ), Մելիք Բադոյանը (56 կգ), Ալբերտ Դադիկյանը (60 կգ), Նվեր Հովհաննիսյանը (67,5 կգ), Արշակ Հայրապետյանը (75 կգ), Լեոնարդ Մնացականյանը (82,5 կգ), Գառնիկ Բաբաքյոխվյանը (90 կգ), Հովսեփ Զալինյանը (100 կգ) եւ Գեւորգ Մնացականյանը (+110 կգ):

Կանանց պայքարում հաղթեցին Աննա Ղազարյանը (48 կգ), Ալինա Սուքիասյանը (56 կգ), Լուսինե Հովհաննիսյանը (60 կգ), Վերոնիկա Տկաչենկոն (67,5 կգ), Արմինե Բաբայանը (75 կգ) եւ Դիանա Բարսեղյանը (100 կգ):

Առաջնությանը մասնակցեցին նաեւ հաշմանդամություն ունեցող մարզիկներ: Պառկած սեղմում դիրքից վարժությունում չեմպիոնի կոչումներըը նվաճեցին Արսեն Առաքելյանը (36 կգ), Համլետ Հովսեփյանը (40 կգ), Գեւորգ Աֆրիկյանը (60 կգ), Հարություն Մխիթարյանը (67,5 կգ) եւ Գնել Սաֆարյանը (75 կգ):

Ունեցանք 7 ռեկորդ:  

75 կգ քաշային կարգում «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, սպորտի վարպետ Դավիթ Հարությունյանը ձգում ծանրաձողով վարժությունում 250 կգ արդյունքով ռեկորդ սահմանեց՝ 10 կգ-ով գերազանցելով աշխարհի ռեկորդը, որը նա սահմանել էր այս տարվա մարտին:

Նույն վարժությունում ռեկորդներ սահմանեցին Խաչիկ Թադեւոսյանը՝ 145 կգ արդյունքով, Մելիք Բադոյանը՝ 170 կգ, Ալբերտ Ռադիկյանը՝ 180 կգ, Նվեր Հովհաննիսյանը՝ 211 կգ, Լեոնարդ Մնացականյանը՝ 210 կգ:

Երկու ռեկորդ էլ ունեցանք հաշմանդամների պայքարում՝ Գեւորգ Աֆրիկյան՝ 90 կգ արդյունք եւ Հարություն Մխիթարյան՝ 125 կգ արդյունք:

Թիմային պայքարում առաջատարը Հայրավանքի թիմն էր:

Առաջնությունն անցկացնելու համար հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել երկրի նախագահ Արմեն Սարգսյանին՝ ինչպես ֆեդերացիային, այնպես էլ մարզիկներին աջակցության ցույց տալու, մասնավորապես, հաշմանդամություն ունեցող մարզիկ Գեւորգ Աֆրիկյանի նկատմամբ: Նախագահն է ֆինանսավորում Գեւորգի մասնակցությունը աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններին:

Սա Հայաստանի մինչեւ 18 տարեկանների առաջնությունն էր եւ ունեցանք աննախադեպ մասնակցություն: Ես նախատեսում էի մինչեւ 120 մասնակից, բայց շուրջ 200 մարզիկ մասնակցեց:

Մարզաձեւը լայն տարածում ունի հանրապետությունում: Առաջնությունն ուղիղ եթերով հեռարձակվեց միջազգային ֆեդերացիայի համար, որը լայն արձագանք է ստացել միջազգային կառույցների կողմից: Առաջնությունից հետո առաջարկ ենք ստացել պատանիների ուժային սպորտի միջազգային միության (IPSU) 2020 թվականի աշխարհի առաջնությունն անցկացնել Հայաստանում»,- ասաց Գագիկ Սարոյանը:

Հայաստանի պատանեկան առաջնության արդյունքներով կձեւավորվի հավաքական, որից հետո թիմը կնախապատրաստվի Լեհաստանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, իսկ մեկ շաբաթ անց կրկին Լեհաստանում կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը:

Լուսինե Շահբազյան

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով