05:14  ,  24 հուլիսի, 2019

«Ռեալ» - «Արսենալ» սուպերխաղում՝ 4 գոլ, 2 կարմիր քարտ, հետխաղյա 11 մետրանոցներ (տեսանյութ)

Վաշինգտոնում International Champions Cup-ի հերթական հանդիպումն անցկացրին Մադրիդի «Ռեալն» ու Լոնդոնի «Արսենալ»։ Ստացվեց սուպերխաղ, սակայն գերհագեցած դիմակայության հիմնական ժամանակում հաղթող չեղավ՝ 2։2։

Արդեն 9-րդ րոպեին Արքայական թիմը մնաց 10 ֆուտբոլիստով։ Երկրորդ դեղին քարտ համար հեռացվեց իսպանացի պաշտպան Նաչոն, որը ձեռքով խաղաց սեփական տուգանային հրապարակում։ «Արսենալի» ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազեթն արդյունավետ իրացրեց 11 մետրանոցը՝ 1։0։

24-րդ րոպեին Ալեքսանդր Լյակազեթի հրաշալի փոխանցումից հետո գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը կրկնապատկեց հաշիվը։

Առաջին խաղակեսի վերջնամասում «Արսենալի» հույն պաշտպան Սոկրատիսը երկու րոպեում երկու դեղին քարտ ստացավ եւ հեռացվեց։ Նա խախտեց կանոնները գերմանացի Տոնի Կրոսի եւ խորվաթ Լուկա Մոդրիչի դեմ։

Ընդմիջմանը «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կատարեց 5 փոփոխություն։ Խաղադաշտում հայտնվեց ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլը՝ փոխարինելով բելգիացի ենթահարձակվող Էդեն Ազարին։ Հենց նա կրճատեց հաշվի տարբերությունը 56-րդ րոպեին։

Հիշեցնենք, որ «Բավարիայի» դեմ նախորդ խաղից հետո Զիդանը հայտարարել էր, որ Բեյլը հրաժարվել է խաղալ։

59-րդ րոպեին իսպանացի հարձակվող Մարկո Ասենսիոն վերականգնեց հաշվի հավասարությունը։ Ասենսիոն ընդմիջմանը փոխարինել էր ֆրանսիացի Քարիմ Բենզեմային։ Մի քանի րոպե անց Ասենսիոն ծանր վնասվածք ստացավ եւ պատգարակով դուրս բերվեց խաղադաշտից։ Նրան փոխարինեց բրազիլացի Վինիսիուսը։

Մնացած ժամանակում ավելի շատ հնարավորություններ ունեին «Արսենալի» խաղացողները, սակայն հաշիվը մնաց անփոփոխ։

International Champions Cup-ի կանոններով, նշանակվեցին հետխաղյա 11 մետրանոցներ, որոնք ավելի հաջող իրացրին իսպանական թիմի ֆուտբոլիստները՝ 3։2։ «Ռեալից» չկարողացավ արդյունավետ իրացնել միայն Բեյլը, Իսկոն, Ռաֆայել Վարանն ու Վինիսիուսը չվրիպեցին։ «Արսենալից» վրիպեցին Ջական, Նաչո Մոնրեալն ու Բարթոնը։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անգլիական թիմի մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 75-րդ րոպեին։

International Champions Cup

«Ռեալ» - «Արսենալ»՝ 2։2 (11մ՝ 3։2) (տեսանյութ)

Գարեթ Բեյլ, 56, Մարկո Ասենսիո, 59 - Ալեքսանդր Լյակազեթ, 10, 11մ, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 24

Հեռացումներ․ Նաչո, 9 – Սոկրատիս, 40

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English