00:28  ,  24 հուլիսի, 2019

Մահացած Մաքսիմ Դադաշեւի մարզիչ․ Կարծես՝ խելագարվում եմ

Մենամարտում ստացած վնասվածքների հետեւանքով մահացած 28-ամյա ռուսաստանցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Մաքսիմ Դադաշեւի մարզիչ, հայտնի ամերիկացի մասնագետ, աշխարհի 15 չեմպիոնների մարզած Բադի Մաքգիրթը մեկնաբանել է տեղի ունեցած ողբերգությունը։

«Կարծես՝ խելագարվում եմ։ Ահավոր եմ ինձ զգում։ Նա հրաշալի մարդ էր եւ աշխատասեր մարզիկ։ Անընդհատ հարց եմ տալիս ինձ, թե ինչ կարող էի այլ կերպ անել։ Բայց հասկանում եմ, որ մարզումների ընթացքը նորմալ է եղել, Մաքսիմը նորմալ վիճակում էր, ամեն ինչ կարգին էր, ոչ մի խնդիր չկար, ամեն ինչ ճիշտ էր անում։ Նա պատրաստ էր, բայց այսպիսին է այս մարզաձեւը, ամեն ինչ վճռում է մեկ հարվածը։ Տեղի ունեցածը եւս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչ մարզաձեւով ենք մենք զբաղվում»,- Մաքգիրթի խոսքը մեջբերում է MMAJunkie-ն։

ԱՄՆ-ում հուլիսի 20-ին պուերտոռիկացի Սաբրիել Մատիասի հետ մենամարտում Մաքգիրթը բազմիցս հորդորել էր բռնցքամարտիկին ավելի շուտ ընդունել պարտությունը, քանի որ շատ է հարվածներ բաց թողնում։ Միայն 11-րդ ռաունդում նրա թիմը դադարեցրել է մենամարտը։ Դադաշեւը ստացել է 319 հարված։ Դրանցից 266-ը եղել ուժային։

Դադաշեւը ուղեղի այտուցների հետեւանքով վիրահատվել էր եւ հայտնվել արհեստական կոմայում։ Հուլիսի 23-ին մարզիկը մահացել է։

Դադաշեւը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել էր 14 մենամարտ, տարել 13 հաղթանակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում