21:15  ,  23 հուլիսի, 2019

Արթուր Գեւորգյան․ Գագիկ Ծառուկյանի գործը պետք է լինի միայն չեմպիոններին պարգեւատրելը

Որպես «խոշոր սեփականատեր», Գագիկ Ծառուկյանի գործը պետք է լինի միայն չեմպիոններին պարգեւատրելը:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը:

Հուլիսի 24-ին «Օլիմպավանում» տեղի է ունենալու ՀԱՕԿ-ի արտահերթ ասամբլեան, որի օրակարգում Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիային ՀԱՕԿ-ի անդամակցությունից հեռացնելն է եւ բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիային անդամ դարձնելը:

Պարոն Գեւորգյան, ՀԱՕԿ-ը մտադիր է Ձեր ֆեդերացիան զրկել անդմակցությունից:

Մի շարք անօրինական որոշումներ եւ քայլեր են կատարվում: Պետությունը պետք է պատասխանատու լինի օրենքների կատարման համար: Մենք որեւէ գործառույթ չունենք: Եթե կան խնդիրներ մեր ֆեդերացիայի հետ, դրա համար գոյություն ունի իրավական ճանապարհ։ Ինչո՞ւ են հրաժարվում դիմել դատարան։ Ակնհայտ է, որ իրենց գործողությունները չունեն որեւէ իրավական հիմք:

Մեր ֆեդերացիան երկրի ամենարդյունավետ աշխատող, նվազագույն ֆինանսական միջոցներով առավելագույն արդյունք տվող կառույցն է: Վերջին ամենաթարմ օրինակը՝ Եվրոպական խաղերում մեր թիմի փայլուն հաղթանակներն են: Ու այս կառույցը՝ չգիտես ինչու, դժգոհություն է առաջացնում ոմանց մոտ:

Միջազգային կառույցը ճանաչում է մեկ ֆեդերացիա՝ ՀԲՖ-ն: Օրենքում էլ հստակ գրված է՝ տվյալ երկրի օլիմպիական կոմիտեն օլիմպիական խարտիայով պարտավոր է ճանաչել այն ֆեդերացիային, որին ճանաչում է միջազգային ֆեդերացիան՝ ԱԻԲԱ-ն:

Ինչի՞ց սկսվեց ամեն ինչ:

Սկսվեց նրանից, որ մի խումբ մարզիչներ հանդիպեցին Գագիկ Ծառուկյանի հետ եւ իրենց դժգոհությունը հայտնեցին հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի վերաբերյալ: Այդ հանդիպումից հետո Գագիկ Ծառուկյանի հետ ունեցանք զրույց, եւ նա ինձ ասաց՝ «դժվա՞ր է ինձ համար այդ մի մարզիչից ազատվելը, որպեսզի ամեն ինչ հանդարտվի»: Ես մնացի իմ սկզբունքներին հավատարիմ. Դավիթ Թորոսյանի մարդկային տեսակը դրեցի մի կողմ եւ առաջնահերթություն տվեցի նրա մասնագիտական ունակություններին: Բայց ամեն ինչին կա չափ ու սահման. չի կարելի հավաքականում 2-ի, 3-ի, 5-ի, բոլորի հետ վատ հարաբերությունների մեջ լինել, ոչ մեկի հետ «յոլա» չգնալ, սա արդեն մարազմ է:

Հետո իմացա, որ Դավիթ Թորոսյանը մի օր էլ գնում, փրկություն է խնդրում Գագիկ Ծառուկյանից: Պատկերացնո՞ւմ եք, հիմա մյուս կողմի մարզիչների վիճակը, որոնք գնացին, այս մարդուց ազատվելու համար: Իսկ նա այժմ էլ, շրջանցելով իրենից բողոքող մարզիչներին, գնացել, ուզում է այնտեղ տեղավորվի:

Իսկ ո՞ւր է այժմ Դավիթ Թորոսյանը:

Անկեղծ՝ չգիտեմ... Այն պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները, որոնց հետ նա աշխատում էր, չգիտես՝ ինչու, այդ տղաներն էլ Թորոսյանի հետ չեն աշխատում։ Թորոսյանի պատճառով ստիպված եղա մի շարք լավ մարզիչների հեռացնել՝ առաջնայնություն տալով գլխավոր մարզիչին։ Ցավում եմ, որ այդ մարզիչներին ստիպված եղա նեղացնել։ Ես հույս ունեի, որ Թորոսյանը կշտկվի եւ կհասկանա, որ պետք է սթափվել։

Կարեւորն այն է, որ մեր թիմն արդյունավետ է աշխատում: Եվրոպական խաղերը ապացույց, որ տարածաշրջանում մենք առաջինն ենք, անցանք Ռուսաստանին մեր երկու Եվրոպայի չեմպիոնով, Եվրոպայում երկրորդն ենք։ Այն մարդիկ, որոնք փորձում են ցեխ շպրտել ֆեդերացիայի կատարած աշխատանքի վրա, կարճ ու կոնկրետ՝ անբարոյականներ են։

Մեր հաջողության գրավականներից մեկն այն է, որ լավագույն մարզիկներն ուսումնամարզական հավաք են անցնում ԱՄՆ-ում։ Հայկական մարզաշխարհում նման բան չի եղել, քանի որ ԱՄՆ-ում մարզվելը կրկնակի թանկ է: Ու այդ ամենը միայն մեր միջոցներով։ Ամերիկյան հավաքների վրա ոչ մի կոպեկ ֆեդերացիայի պետական բյուջեից չի ծախսվել։

Երբ հայտարարեցին, որ սպորտի նախարարությունը կասեցնում է ֆեդերացիայի ֆինանսավորումը եւ ՀԱՕԿ-ն է իր վրա վերցնում մարզիկների մարզումային պրոցեսն ապահովելու համար անհրաժեշտ գումարը, նորից ոչ մի գումար ֆեդերացիան չի ստացել հավաքները կազմակերպելու համար։ Եվրոպական խաղերից առաջ ՀԱՕԿ-ը կազմակերպել էր հավաք Ծաղկաձորում, բայց մենք նպատակահարմար չգտանք այնտեղ հավաք անել: Փոխարենը հավաք արեցինք Գյումրիում։ Արդյունքում երկու գյումրեցի՝ Եվրոպայի չեմպիոն։

Իսկ ինչո՞ւ Դավիթ Թորոսյանից անցում կատարվեց Ձեզ: Այժմ խնդիրը զուտ Ձեր հրաժարականի պահանջն է:

Այստեղ արդեն խնդիրը պետության թերանալու մեջ է: Հենց այդ պատճառով ամեն ինչ հասավ դրան: Մենք նամակ գրեցինք վարչապետին, որ Օլիմպիական կոմիտեն անօրինական որոշումներ է կայացնում, օրենք է խախտում: Վարչապետն այդ նամակն ուղղեց տվյալ մարդուն, ում հետ կապված խնդիր ունենք։ Համոզված եմ, որ վարչապետին ոչինչ չի զեկուցվում: Ժամանակին բողոքում էին, որ Սերժ Սարգսյանն ապատեղեկացված է, նրան չեն զեկուցում, նրան ճիշտը չեն ասում: Նույնը կատարվում է հիմա: Ուզում եմ պետության ուշադրությունը սեւեռել օրենքները պաշտպանելու, իրավական ճանապարհով գնալու վրա:

Որպես «խոշոր սեփականատեր», Գագիկ Ծառուկյանի գործը պետք է լինի չեմպիոններին պարգեւատրելը: Ես կցանկանայի, որ նա հենց դրանով զբաղվեր, պարգեւատրեր մեր հաջողակ մարզիկներին: Նա ունի այդ հնարավորությունները, դրանից զատ, ուրիշ բանով չպետք է զբաղվի սպորտում: Եթե հայրենասեր է, սիրում է հայկական սպորտը, պետք է միայն շահագրգռի եւ պարգեւատրի մարզիկներին: Իսկ մասնագիտական աշխատանքը թողնի մասնագետներին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով