09:43  ,  23 հուլիսի, 2019

«Լիվերպուլի» նախկին խաղացող․ Բեյլը կատարյալ տարբերակ է Կլոպի գլխավորած թիմի համար

«Լիվերպուլի», «Մանչեսթեր Յունայթեդի»  եւ Անգլիայի հավաքականի նախկին խաղացող Փոլ Ինսը Մադրիդի «Ռեալի» ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլին հորդորել է տեղափոխվել լիվերպուլյան ակումբ։

«Ես կարծում եմ, որ եթե «Լիվերպուլը» կարողանա թույլ տալ իրեն Բեյլի տրանսֆերը, ապա նա պետք է ընդունի առաջարկը։ Սալահը, Ֆիրմինոն ու Մանեն քիչ են հանգստացել ամռանը։ Բեյլը կարող է խաղալ, աջից, ձախից կամ կենտրոնում։ Եթե ես փնտրեի կարիերայիս նոր թափ տալու համար ակումբ, կընտրեի «Լիվերպուլը»։ Բեյլին անհրաժեշտ է դարձյալ խաղալ ամեն շաբաթ։

Նա ստիպված կլինի համաձայնել աշխատավարձի զգալի նվազման, բայց Բեյլին հիմա անհրաժեշտ է հաղթող թիմ։ «Լիվերպուլը» հաջորդ մրցաշրջանում դարձյալ կպայքարի Պրեմյեր լիգայի տիտղոսի համար։ Բեյլը կատարյալ տարբերակ է Կլոպի գլխավորած թիմի համար»,- 51-ամյա Փոլ Ինսի խոսքը մեջբերում է BBC-ն։

«Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել էր, որ բոլորի համար լավ կլինի Բեյլի հեռանալը թիմից։

Բեյլի ծառայություններով հետաքրքրված են չինական «Ցզյանսու Սունին» եւ «Շանհայ Շենհուա» թիմերը, որոնք պատրաստ են 30-ամյա ֆուտբոլիստին վճարել տարեկան 17 միլիոն եվրո։ Արքայական ակումբում Բեյլի աշխատավարձն այդքան է։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում