19:55  ,  9 հուլիսի, 2019

Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» նորամուտը հաղթական էր (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիայի» նորամուտը Չեմպիոնների լիգայում հաղթական էր։ Որակավորման առաջին փուլի առաջին խաղում Վարդան Մինասյանի գլխավորած թիմը Ավանի ֆուտբոլային ակադեմիայի մարզադաշտում ընդունեց  Շվեդիայի չեմպիոն ԱԻԿ-ին եւ առավելության հասավ 2։1 հաշվով։

«Արարատ-Արմենիան» հաշիվը բացեց արդեն երրորդ րոպեին։ Հյուրերի պաշտպան Ռոբերտ Լունդստրյոմը սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները երեւանյան թիմի եւ Բուրկինա Ֆասոյի հավաքականի հարձակվող Զաքարիա Սանոգոյի նկատմամբ։ Խորվաթ մրցավար Դույե Ստրուկանի նշանակած 11 մետրանոցն արդյունավետ իրացրեց Պետրոս Ավետիսյանը։

13-րդ րոպեին Ռոբերտ Լունդստրյոմը երկրորդ դեղին քարտը ստացավ եւ հեռացվեց։

Հյուրերը 10 ֆուտբոլիստներով կարողացան առաջին խաղակեսի վերջնամասում վերականգնել հավասարությունը։ Անկյունային հարվածից հետո գոլի հեղինակ դարձավ հարձակվող Չինեդու Օբասին՝ 1։1։

45-րդ րոպեին Պետրոս Ավետիսյանը Անտոն Կոբյալկոյի փոխանցումից հետո ձեւարկեպեց դուբլ։

Երկրորդ խաղակեսում հաշիվը չփոխվեց։

Պատասխան հանդիպումը Շվեդիայում տեղի կունենա հուլիսի 17-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։00-ին։

Չեմպիոնների լիգա, որակավորման առաջին փուլ, առաջին հանդիպում

«Արարատ-Արմենիա» (Հայաստան) - ԱԻԿ (Շվեդիա)՝ 2։1 (տեսանյութ)

Պետրոս Ավետիսյան, 3, 11մ, 45 – Չինեդու Օբասի, 39

Հեռացում՝ Ռոբերտ Լունդստրյոմ (ԱԻԿ), 13, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում