19:11  ,  7 հուլիսի, 2019

Հակոբ Սերոբյան․ Արթուր Ավետիսյանն անթերի հանդես եկավ եւ փայլուն արդյունք գրանցեց

Արթուր Ավետիսյանն անթերի հանդես եկավ եւ փայլուն արդյունք գրանցեց: Նա հաղթեց օղակների վարժությունում մեր առաջատարների՝ Վահագն Դավթյանի եւ Արթուր Թովմասյանի մրցակիցներից մեկին՝ Եվրոպայի փոխչեմպիոն թուրք Իբրահիմ Չոլակին: Ինձ այս պահին տարբեր երկրներից, միջազգային ֆեդերացիայից գրում են, որ օղակների վարժությունում Հայաստանի հավաքականի տղաներին հավասարը չկա: Ինձ ուրախացնում են այս հաջողությունները:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Իտալիայի Նեապոլ քաղաքում ընթացող 30-րդ ամառային համաշխարհային ուսանողական խաղերում սպորտային մարմնամարզության օղակների վարժության եզրափակիչում Հայաստանի միակ ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը 14.900 միավորով նվաճեց չեմպիոնի տիտղոսը:

Արթուր Ավետիսյանը Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ուսանող է:

Ունիվերսիադայի նորընծա չեմպիոնը Խաղերից առաջ Հայաստանի թիմի հետ 14-օրյա ուսումնամարզական հավաք էր անցել Թբիլիսiում:

«Արթուրից շատ գոհ եմ: Նա կատարեց իր առավելագույնը: Իրականում օղակների վարժությունում մեծ մրցակցություն կար եւ բարդ պայքար էր գնում: Արթուրի մրցակիցը թուրք Իբրահիմ Չոկալն էր, որը շատ ուժեղ է եւ ավելի ճանաչված: Թուրք մարզիկը նաեւ Եվրոպայի փոխչեմպիոն է, աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս եկած մարզիկ է: Այնպես որ այսպիսի մրցակցի հետ երզափակիչում հաղթելը շատ լավ արդյունք է: Թուրք մարզիկը միշտ մրցակից է եղել մեր տղաներին՝ Արթուր Թովմասյանին, Վահագն Դավթյանին: Ուղղակի միշտ պարտվում է մերոնց՝ Եվրոպայի առաջնությունում, Մինսկում եւս: Երեւի, Նեապոլում ուրախացել էր, որ մեր ուժեղագույնները չեն մասնակցում, այն էլ նոր հայ մրցակից նրա առաջ կանգնեց եւ հաղթեց:

Այս պահին ինձ տարբեր տեղերից միջազգային ֆեդերացիայից, տարբեր մրցավարներ գրում են, որ իմ թիմի տղաներն աշխարհում ամենաուժեղ օղակների վարժություն անողներն են: Ուրախացնող է: Հատկապես այն փաստը, որ փոխարինող սերունդ ունեն. Արթուր Ավետիսյանը օղակների վարժությունում, բազմամարտում փոխարինողն է մեր տղաների, նժույգի վարժությունում Հարություն Մերդինյանին Գագիկ Խաչիկյանն է փոխարինող: Ապարդյուն չի լինի մեր այսքան տարիների աշխատանքը, եւ նոր սերունդն էլ իր խոսքը կասի համաշխարհային մրցասպարեզում, երբ մենք արդեն թոշակի կլինենք»,- ասաց Հակոբ Սերոբյանը:

30-րդ ամառային ուսանողական խաղերում սպորտային մարմնամարզությունում Հակոբ Սերոբյանը մրցավարական կազմում չէ: Հայաստանից որպես մրցավար Նեապոլում հանդես է գալիս ֆրանսիաբնակ Էլֆիկ Հովհաննիսյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով