12:50  ,  5 հուլիսի, 2019

Ռոման Բերեզովսկի․ Ես եմ «Սոչիին» առաջարկել Ալեքսանդր Կարապետյանի թեկնածությունը

Ես եմ «Սոչիին» առաջարկել Ալեքսանդր Կարապետյանի թեկնածությունը, ասել է ռուսական ակումբի մարզչական շտաբի անդամ, Հայաստանի հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում՝ խոսելով Հայաստանի հավաքականի հարձակվողի հնարավոր տեղափոխության մասին։ Ալեքսանդր Կարապետյանն այժմ փորձաշրջան է անցնում «Սոչիում»։

«Կարապետյանը գերազանց է իրեն դրսեւորում, արդեն երեք գոլ է խփել ստուգողական հանդիպումներում։ Այսօր էլ կմասնակցի խորվաթական «Ռիեկայի» հետ ստուգողական խաղին։

Մեծ հույս ունեմ, որ նրա հետ կկնքվի պայմանագիր։ Կարծում եմ՝ բոլոր թիմերն էլ կցանկանային ունենալ նրա նման հարձակվող»,- նշեց Բերեզովսկին։

Հիշեցնենք, որ Լյուքսեմբուրգի «Պրոգրեսի» 31-ամյա հարձակվողը «Սոչիի» հետ մարզումային հավաքի է մեկնել Սլովենիա։ Կարապետյանը դուբլի հեղինակ է դարձել սերբական «Ռադնիչկիի» հետ խաղում (2:0), որն անավարտ էր մնացել հորդառատ անձրեւի պատճառով։ Սլովենական «Օլիմպիայի» հետ խաղում Կարապետյանն աչքի էր ընկել մեկ գոլով։ Այդ խաղում «Սոչին» պարտվել էր 3։4 հաշվով։

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով