18:27  ,  4 հուլիսի, 2019

Արթուր Եդիգարյանը՝ Սերբիայից․ Ամեն ինչից գոհ եմ «Պրոլետերում»

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է իր տեղափոխությունը Սերբիայի Սուպերլիգան ներկայացնող Նովի Սադի «Պրոլետեր»։

«Հետեւել են իմ խաղին «Ալաշկերտում» եւ Արեւմտյան Հայաստանի հավաքականում, հավանել են, առաջարկը եղավ, ընդունեցի մեծ սիրով, կնքել ենք 1+1 տարի համակարգով պայմանագիր։ Ամեն ինչից գոհ եմ՝ ակումբի պայմաններից, խաղացողների խաղամակարդակից։

Լավ թիմ է, երիտասարդ եւ փորձառու խաղացողների համադրությամբ հավասարակշռված թիմ է, Սերբիայի առաջնության խաղամակարդակն էլ բարձր է։

Մեծ դեր է խաղացել նաեւ այն, որ «Ալաշկերտի» նախկին պաշտպան Միլիան Յաբլանն է խաղում «Պրոլետերում»։ Նա մեծ հարգանք է վայելում թիմում եւ լավ կարծիք է հայտնել իմ մասին»,- նշեց Արթուր Եդիգարյանը։

Հուլիսի 20-ին կայանալիք Սերբիայի առաջնության առաջին տուրում «Պրոլետերը» կհյուրընկալվի «Ռադնիչկիին»։ Սերբիայի անցած առաջնությունում «Պրոլետերը» գրավել է 8-րդ տեղը։

Արթուր Եդիգարյանը հունիսին էր հեռացել Երեւանի «Ալաշկերտից»։

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս