14:06  ,  29 հունիսի, 2019

ԵԽ-2019. Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական երկրորդ խաղերի նախավերջին օրը հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարի 97 կգ քաշայինների պայքարում Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթեց նաեւ քառորդ եզրափակիչում եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Քառորդ եզրափակիչում օլիմպիական չեմպիոնի մրցակիցը 2016 թվականի Համաշխարհային ունիվերսիադայի փոխչեմպիոն, երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն, ավստրիացի Դանիել Գաստլն էր, որին Արթուր Ալեքսանյանը հաղթեց 3:1 հաշվով:

Հայաստանի հավաքականի առաջատարը Եվրոպական խաղերում պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 2:1 հաշվով հաղթել էր 2017 թվականի աշխարհի բրոնզե մեդալակիր վրացի Ռեւազի Նադարեիշվիլին է:

Կիսաեզրափակիչում Արթուր Ալեքսանյանը եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գոլովինի հետ:

87 կգ քաշայինների պայքարում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը մեկնարկային գոտեմարտում պարտվեց: 1/8 եզրափակիչում Մաքսիմ Մանուկյանի մրցակիցը Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն եւ Եվրոպայի եռակի չեմպիոն, ուկրաինացի Ժան Բելենյուկն էր, որը 5։1 հաշվով պարտության մատնեց Մաքսիմ Մանուկյանին: Եթե Ժան Բելենյուկը դուրս գա եզրափակիչ, Մաքսիմ Մանուկյանը սփոփիչ գոտեմարտի հնարավորություն կստանա:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում