23:50  ,  27 հունիսի, 2019

Հակոբ Սերոբյանը՝ Մինսկից․ Մարմնամարզիկները փայլուն հանդես եկան, երեքն էլ հաղթահարեցին որակավորման փուլը

Տղաները փայլուն հանդես եկան, երեքն էլ հաղթահարեցին որակավորման փուլը, բայց եզրափակիչում հանդես կգան Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Մինսկից ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Բելառուսի մայրաքաղաքում ընթացող Եվրոպական խաղերի 7-րդ մրցումային օրը պայքարի մեջ մտան մարմնամարզիկները: Հայաստանի թիմի կազմում մրցահարթակ դուրս եկան Արթուր Դավթյանը, Արթուր Թովմասյանն ու Վահագն Դավթյանը: Տեղի ունեցան բազմամարտի եւ առանձին գործիքների որակավորման մրցումները։ Արթուր Դավթյանը դուրս է եկել բազմամարտի, հենացատկի եւ ազատ վարժության եզրափակիչ, Վահագն Դավթյանը օղակի վարժության եզրափակիչ։

«Տղաների մասնակցությունից շատ գոհ եմ: Արթուր Դավթյանը բազմամարտում 2-րդ տեղով եզրափակիչ է դուրս եկել: Նա հավաքել է 83․231 միավոր: Երկրորդ տեղով եզրափակիչ մտնելը բազմամարտում շատ լավ արդյունք է:

Իր գործիքի վրա հենացատկում 5-րդ տեղն է զբաղեցրել 14.4 միավորով է եւ նորից եզրափակիչում է:

Ինձ համար անսպասելի է ազատ վարժությունում նրա եզրափակիչ դուրս գալը 14.2 միավորով: Արթուրն այսօր բոլորիս շատ ուրախացրեց իր փայլուն մրցելույթներով:

Հետաքրքիր պայքար ստացվեց օղակների վարժությունում: Վահագն Դավթյանը 14.5 միավոր է վաստակել, 14.4 միավոր՝ Արթուր Թովմասյանը: Տղաները կիսում են 5-րդ եւ 6-րդ տեղերը եւ երկուսն էլ դուրս էին եկել եզրափակիչ: Բայց քանի որ ամեն երկրից առանձին գործիքի վրա մեկ մասնակից կարող է լինել,  եզրափակիչում կմասնակցի Վահագն Դավթյանը, քանի որ նա 5-րդ տեղում էր»,- ասաց Հակոբ Սերոբյանը:

Բազմամարտի եզրափակիչը տեղի կունենա հունիսի 29-ին, առանձին գործիքների եզրափակիչները՝ հունիսի 30-ին։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով