Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակվող Եվրոպական խաղերի ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի երկու ներկայացուցիչներ Գարիկ Բարսեղյանն ու Անդրանիկ Գալստյանը չստացան բրոնզե մեդալի համար սփոփիչ գոտեմարտերի հնարավորություն եւ լքեցին պայքարը:
Գարիկ Բարսեղյանին քառորդ եզրափակիչում հաղթած ռուս Զաուր Ուգուեւը կիսաեզրափակիչում 2:3 հաշվով պարտվեց ադրբեջանցի Մահիր Ամիրասլանովին: 125 կգ քաշային Անդրանիկ Գալստյանին հաղթած ուկրաինացի Օլեքսանդր Խոցյանիվսկին եւս դուրս չեկավ եզրափակիչ: Կիսազերափակիչում ուկրաինացի ըմբիշը 1:7 հաշվով պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Անզոր Խիժրիեւին:
Հիշեցնենք, որ Գարիկ Բարսեղյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 3:1 հաշվով հաղթել էր ռումինացի Անդրեյ Դուկովին: Քառորդ եզրափակիչում Բարսեղյանը 0:10 հաշվով պարտվել էր ռուս Զաուր Ուգուեւին:
125 կգ քաշային Անդրանիկ Գալստյանն էլ 1/8 եզրափակիչում 6:4 հաշվով հաղթել էր ավստրիացի Յոհանես Լուդեշերին, իսկ քառորդ եզրափակիչում 0:10 հաշվով պարտվել ուկրաինացի Օլեքսանդր Խոցյանիվսկիին:
Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած թիմի կազմում Եվրոպական խաղերում հանդես կգան նաեւ 65 կգ քաշային Վալոդյա Ֆրանգուլյանն ու 97 կգ քաշային Սարգիս Հովսեփյանը: Նրանք մրցագորգ դուրս կգան հունիսի 26-ին:
Վալոդյա Ֆրանգուլյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից: 2017 թվականի Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն Ֆրանգուլյանի մրցակիցը Ռիո-2016 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի եւ Եվրոպայի եռակի չեմպիոն, ադրբեջանցի Հաջի Ալիեւն է:
Ֆրանգուլյան-Ալիեւ գոտեմարտը տեղի կունենա Երեւանի ժամանակով 12:40-ին: 97 կգ քաշային Սարգիս Հովսեփյանը նույնպես պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից, որտեղ կհանդիպի աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր, առաջին Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, վրացի Էլիզբար Օդիկաձեին: Գոտեմարտը կմեկնարկի Երեւանի ժամանակով 13:30-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում