14:54  +04,  25 հունիսի, 2019

ՀՍՖ նախագահ․ ԵԽ-2019-ում ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալներ նվաճելը լուրջ հաջողություն է Հայաստանի համար

Եվրոպական խաղերում ոսկե մեդալը նվաճած Հայաստանի սամբոյի ֆեդերացիան, մեդալակիրներ Տիգրան Կիրակոսյանը, Դավիթ Գրիգորյանն ու Արսեն Ղազարյանը  հունիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ամփոփեցին ԵԽ-2019-ը:

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերում սամբոյի մրցաշարում Տիգրան Կիրակոսյանը  52կգ քաշայինների պայքարում եզրափակիչում 4:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի Աղասիֆ Սամադովի եւ նվաճեց Հայաստանի առաջին ոսկե մեդալը ԵԽ-ում: Արծաթե մեդալակիր էր դարձել 82 կգ քաշային Դավիթ Գրիգորյանը, բրոնզե մեդալակիր՝ 74 կգ քաշային Արսեն Ղազարյանը:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանի խոսքով Եվրոպական խաղերում ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալներ նվաճելը լուրջ հաջողություն է Հայաստանի համար:

«Մասնակցեցինք 6 մարզիկով, որից երեք մեդալներով վերադարձան հայրենիք: Տիգրան Կիրակոսյանի ոսկե մեդալը շատ է ուրախացրել բոլորիս: Առավել ուրախալի է  կիսաեզրափակչում ռուս մրցակցին հաղթելը: Ռուս սամբիստը մեր ուժեղագույն մրցակիցներից էր եւ նրան Եվրոպական խաղերում հաղթելը Տիգրան Կիրակոսյանի խնդիրներից մեկն էր: Այս սամբիստին Կիրակոսյանը մրցավարների կողմնակալության արդյունքում պարտվել էր աշխարհի առաջնությունում եւ զրկվել ոսկե մեդալից: Աշխարհի առաջնությունում անարդար մրցավարությանը շատ լուրջ արձագանքեցինք, բողոքարկեցինք, այն ժամանակ սպորտի նախարարությունը նույնպես արձագանքեց եւ այս ամենը նպաստեց, որ Եվրոպական խաղերում ռուս մրցակցի հետ գոտեմարտում հնարավորինս արդար մրցավարություն լինի: Ու արդյունքում Տիգրանին հաջողվեց ապացուցել, որ մրցագորգում ինքն ուժեղագույնն է: Կրկնակի ուրախալի էր նաեւ եզրափակիչում նրա գրանցած հաղթանակը ադրբեջանցի մրցակցի նկատմամ:

Արծաթե մեդալակիր Դավիթ Գրիգորյանը նույնպես փայլուն գոտեմարտեր անցկացրեց, կիսաեզրափակչում հաղթեց աշխարհի չեմպիոն վրացի սամբիստին, բայց եզրափակիչում բավարարվեց արծաթե մեդալով: Եզրափակիչում Դավիթ Գրիգորյանն արդեն ուժասպառ էր, քանի որ կենտրոնացած էր աշխարհի չեմպիոնի հետ գոտեմարտին, այդ պատճառով էլ զիջեց ոսկե մեդալը մրցակցին:

Ինչ վերաբերում է Արսեն Ղազարյանին, նա լուրջ սամբիստ է եւ վստահ հաղթանակներ տոնելով Հայաստանի համար նվաճեց բրոնզե մեդալ:

Մեր պարտված երեք մարզիկները մինչեւ կիսաեզրափակիչներ հասնել շատ լավ հանդես եկան, լուրջ մրցակիցների հաղթեցին: Ափսոսում եմ, որ նրանց չհաջողվեց մեդալներ նվաճել:

Այս հաղթանակները թիմային աշխատանքի եւ հավաքականի գլխավոր մարզիչի փայլուն ու կազմակերպված աշխատանքի արդյունքն է: 2018 թվականից սամբոն օլիմպիական ընտանիքի անդամ է: Մեծ հույս ունենք, որ առաջիկայում կընդգրկվի նաեւ Խաղերի հիմնական ծրագրում եւ մեդալներ կունենանք նաեւ Օլիմպիական խաղերից»,- ասաց Միքայել Հայրապետյանը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Վովիկ Խոջայանի խոսքով, Եվրոպական խաղերում գրանցած արդյունքները տարվա ընթացքում հավաքականի լավ աշխատանքի արդյունքն է:

«Տիգրան Կիրակոսյանը Եվրոպական խաղերի մրցագորգում դրսեւորեց կամք եւ ապացուցեց, որ ինքն ուժեղագույնն է իր քաշային կարգում: Արսեն Ղազարյանը պարտվել էր, բայց բրոնզե մեդալ նվաճելով ապացուցեց, որ ինքը լավագույնն է: Դավիթ Գրիգորյանը պայքարեց, հաղթեց աշխարհի չեմպիոնի եւ կրկին ապացուցեց, որ ուժեղ է: Սա ամբողջ տարվա աշխատանքի արդյունքն է: Հույս ունեմ, որ այս արդյունքները կկրկնենք աշխարհի առաջնություն»,- նշեց Վովիկ Խոջայանը:

Լրագրողների հետ հանդիպման ընթացքում իրենց արդյունքներն ամփոփեցին նաեւ մեդալակիրներ Արսեն Ղազարյանն ու Դավիթ Գրիգորյանը, սակայն Եվրոպական խաղերի չեմպիոն Տիգրան Կիրակոսյանն այդպես էլ չխոսեց. լրագրողների հարցերին պատասխանել չի սիրում:

«Մրցավարներն, իրոք, արդար էին դատում: Արդյունքում մեդալներով ենք վերադարձել Հայաստան: Եվրոպական խաղերում ամենաբարդ ու կարեւոր գոտեմարտն ինձ համար կիսաեզրափակիչում աշխարհի գործող չեմպիոնի հոտ գոտեմարտն էր: Բարդ գոտեմարտ էր, բայց ինձ հաջողվեց նրան պարտության մատնել փոքր առավելությամբ: Եզրափակչում չստացվեց գոտեմարտս, բայց ես իմ սխալները գիտեմ եւ աշխարհի առաջնությունում սխալներս կշտկեմ»,- մկենաբանեց արծաթե մեդալակիր Դավիթ Գրիգորյանը:

«Եվրոպական խաղերն առանձնացան արդար մրցավարությամբ: Որեւէ գոտեմարտ, որեւէ երկրի ներկայացուցիչի մրցավարները կողմնակալ վերաբերմունք չցուցաբերեցին: Մեկնարկեցի պարտությամբ, լավ չսկսեցի: Առաջին մրցակիցս Ռուսաստանի ներկայացուցիչն էր, ում առաջին մրցափուլում երկու միավոր զիջեցի: Երկրորդ մրցափուլում տակտիկապես չկարողացա ճիշտ դասավորել գոտեմարտը եւ տապալեցի մեկնարկում: Սփոփիչ գոտեմարտում մրցակից Ադրբեջանի ներկայացուցիչն էր, ում հաղթեցի քիչ առավելությամբ: Չեմ կարող ասել, թե ադրբեջանցու հետ գոտեմարտում փայլուն հաղթանակ տարա, քանի որ առավելությունս այդքան էլ մեծ չէր: Բրոնզե մեդալի համար պայքարում մրցակից հույն սամբիստն էր, ում պարտվել էի ախարհի առաջնությունում: Խնդիր էի դրել ռեւանշ անել եւ հետ բելեր աշխարհի առաջնությունում կորցրածս հաղթանակը: Աշխարհի առաջնությունում մրցավարների օգնությամբ էր հույն սամբիստն ինձ հաղթել: Այստեղ իմ առջեւ խնդիր էի դրել, որ մրցագորգում նրան պետք է ապացուցեմ, որ ես նրանից ուժեղ եմ ու լավն եմ: Ստացվեց՝ 8 միավորի առավելությամբ: Ինձ համար Եվրոպական խաղերում մեդալ նվաճելը մեկ քայլ առաջ է իմ մարզական կարիերայում»,- նշեց բրոնզե մեդալակիր Արսեն Ղազարյանը: 

«Տիգրան Կիրակոսյանն իր հաղթանակների մասին խոսում է գործի վրա, իսկ իրական կյանքում շատ համեստ է եւ չի սիրում խոսել դրանց մասին»,- ավելացրեց ՀՍՖ նախագահ Միքայել Հայրապետյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: