10:10  ,  25 հունիսի, 2019

Միլանի «Ինտերը» ցանկանում է հրավիրել Դանի Ալվեսին

Միլանի «Ինտերը» մտադիր է առաջարկ անել Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դանի Ալվեսին, որը հուլիսի 1-ից կունենա ազատ գործակալի կարգավիճակ, հաղորդում է France Football-ը։ 36-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հետ ավարտվում է հուլիսի 1-ին։ Նա արդեն հայտնել է, որ չի մնալու փարիզյան ակումբում։

Դանի Ալվեսը 2017թ․ ամռանն էր ազատ գործակալի կարգավիճակում «Յուվենտուսից» տեղափոխվել ՊՍԺ։ Ավարտված մրցաշրջանում 36-ամյա ֆուտբոլիստը ՊՍԺ-ի հետ մասնակցել է 32 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։

Ալվեսը 2003-2008-ին հանդես է եկել իսպանական «Սեւիլիայում», 2008-2016-ին՝ «Բարսելոնայում», 2016-2017-ին՝ «Յուվենտուսում»։

«Սեւիլիայի» հետ նա դարձել է Իսպանիայի գավաթակիր ու սուպերգավաթակիր եւ ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության կրկնակի հաղթող, Եվրոպայի սուպերգավաթակիր։

«Բարսելոնայում» Ալվեսը 6 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 4-ական անգամ՝ գավաթակիր եւ սուպերգավաթակիր, 3-ական անգամ Չեմպիոնների լիգայի հաղթող, Եվրոպայի սուպերգավաթակիր եւ աշխարհի ակումբային չեմպիոն։

«Յուվենտուսի» հետ Ալվեսը նվաճել է Իտալիայի չեմպիոնի եւ գավաթակրի տիտղոսները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս