20:25  ,  22 հունիսի, 2019

Արթուր Վանեցյան․ Ակումբներին հորդորում եմ քննարկել պրոֆեսիոնալ լիգա ստեղծելու գաղափարը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կողմ է Հայաստանի պրոֆեսիոնալ լիգա ստեղծելու գաղափարին։ Այդ մասին նշել է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը Ավանի ֆուտբոլային ակադեմիայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

«Հորդորում եմ Բարձրագույն խմբի բոլոր ակումբների սեփականատերերին քննարկումներ սկսել Հայաստանի պրոֆեսիոնալ լիգա ստեղծելու ուղղությամբ, որպեսզի ֆեդերացիայից դուրս գա Բարձրագույն խմբի առաջնության կազմակերպման աշխատանքները։  

Միշտ տպավորություն է ստեղծվել, որ ֆեդերացիան չի ցանկանում պրոֆեսիոնալ լիգա։ Սակայն երկար քննարկումների արդյունքում եկել ենք եզրակացության, որ եթե ակումբները ընդհանուր հայտարարի գան եւ առաջարկով դիմեն ֆեդերացիային, կքննարկենք եւ հնարավոր է առաջիկայում ստեղծվի պրոֆեսիոնալ լիգա։

Ֆուտբոլասերներին կոչ եմ անում եւ հորդորում, որ շատ ակտիվ աջակցեն ազգային հավաքականին եւ ակումբներին առաջիկա հանդիպումներում։ Ես մշտապես հայտարարում եմ, որ արդեն սկսվել է հաղթանակների շրջանը»,- նշեց Արթուր Վանեցյանը։

ՀՖՖ ղեկավարը նաեւ հայտնեց, որ Բարձրագույն խմբի հաջորդ առաջնությանը կմասնակցի 10 թիմ։ Երկու շրջափուլից հետո առաջին վեց տեղերը գրաված թիմերը կշարունակեն պայքարը չեմպիոնի տիտղոսի համար, իսկ մնացած չորս թիմերը կպայքարեն Բարձրագույն խմբում տեղը պահպանելու համար։ Վերջին տեղ գրավա թիմը կնահանջի Առաջին խումբ, որի հաղթողը կնվաճի Բարձրագույն խմբի ուղեգիր։

«Դուստր թիմերն ու նոր բացված ակումբները խաղալու են առաջին լիգայում: Այս ձեւաչափը մենք հաստատել ենք արդեն կանոնակարգով: Կարծում եմ՝ այս ձեւաչափն ավելի հետաքրքիր եւ մրցակցային է լինելու, ինչը ֆեդերացիայի ցանկությունն է:

Եթե մենք չուժեղացնենք հանրապետաան մրցակցությունը, չենք ունենա ուժեղ ֆուտբոլ: Իսկ այս ֆորմատով կունենանք հավաքական, ուժեղ ֆուտբոլ: Ինչ վերաբերում է լեգեոներներին, որոշում է կայացվել այս տարի 23 ֆուտբոլիստների մեջ ունենանք առնվազն 7 հայաստանցի ֆուտբոլիստ: Նպատակը նա է, որ տեղացի ֆուտբոլիստները կարողանան ակումբներում հանդես գան:

Ակումբների համար պարտադիր է այս ֆուտբոլիստներին ունենալը, քանի որ ակումբները կարճաժամկետ արդյունքների համար հաճախ հրավիրում են մեծ քանակությամբ լեգեոներներ եւ ուզում են արագ հաղթանակ ունենալ: Բայց ֆուտբոլի ֆեդերացիան ունի այլ նպատակ՝ հայկական ֆուտբոլը ճիշտ հիմքերի վրա դնել: Մեր բազան, որը պետք է խաղա ազգային հավաքականում, պետք է լինի ներքին ակումբներից:

Այս տարի որոշել ենք մեղմ վերաբերվել լեգեոներների հարցին: Ակումբները 7 տեղացի խաղացող կունենան: Հաջորդ տարի այս թիվը կավելանա ու աստիճանաբար խստացվելու է տեղացի ֆուտբոլիստներ ունենալու պահանջը: Չեմ ասում, թե ունենալու են բացառապես ազգությամբ հայ ֆուտբոլիստներով ակումբներ, նման նպատակներ չունենք, բայց պետք է այնպես անենք, որ մեր ակումբներում ներկայացված լինեն նաեւ մեր տեղացի ֆուտբոլիստները»,- ասաց Արթուր Վանեցյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով