14:07  ,  21 հունիսի, 2019

ԵԽ-2019. Պայքարի մեջ են մտնում հայ բռնցքամարտիկները

Մինսկում մեկնարկած Եվրոպական երկրորդ խաղերի առաջին մրցումային օրը Հայաստանի մարզական պատվիրակությունից պայքարի մեջ կմտնեն բռնցքամարտիկները 5 քաշային կարգերում՝ 56, 69, 75, 91 եւ +91 կգ: Բոլոր քաշային կարգերում Հայաստանը ներկայացուցիչ ունի:

56 կգ քաշային կարգում հանդես կգա բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ Ժիրայր Սարգսյանը, որը պայքարը սկսելու է 1/32 եզրափակչից: Մրցակիցը՝ Ռումինիայի ներկայացուցիչ Ռոբերտ Ջիարույի հետ:

91 եւ +91 կգ քաշային կարգերում Եվրոպական խաղերում Հայաստանը կներկայացնեն Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչներ, Հայաստանի հավաքականի անդամներ Հենրիկ Սարգսյանն ու Գորգեն Հովհաննիսյանը:

2013 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր, 2018 թվականի ուսանողական աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Հենրիկ Սարգսյանը պայքարը կսկսի 1/32 երզափակչից: Սարգսյանի մրցակիցը 2013 եւ 2015 թվականների Եվրոպայի փոխչեմպիոն Նիդերլանդների ներկայացուցիչ Պիտեր Մուլենբերգն է:

Եվրոպայի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր, Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների բրոնզե մեդալակիր գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը նույնպես պայքարը կսկսի 1/32 եզրափակչից, որտեղ կմրցի Բոսնիա-Հերցեգովինան ներկայացնող Վելետիկ Դուսանի հետ:

Հունիսի 21-ին կայանալիք 1/32 երզափակիչները բաց կթողնեն 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանն ու 75 կգ քաշային Արման Դարչինյանը: Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ Գուրգեն Մադոյանը պայքարը կսկսի 1/16-ից:

Հունիսի 22-ին Մադոյանի մրցակիցը կլինի Ադրբեջանը ներկայացնող Լորենսո Սոտոմայորը: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Արման Դարչինյանի մրցակիցը խորվաթ Մլադեն Սոբձեսլավսկին է:

Հիշեցնենք, որ Եվրոպական խաղերում բռնցքամարտի մրցաշարում Հայաստանը ներկայացնում են Հայաստանի հավաքականի եւ բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի բռնցքամարտիկները:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս