17:52  ,  20 հունիսի, 2019

Էդգար Ստեփանյանը՝ Մինսկից. Պայմանները հրաշալի են, ամեն ինչ շատ լավ է կազմակերպված (ֆոտո)

Մինսկում իսկական մարզական տրամադրություն է: Քաղաքը լիարժեք պատրաստ է Եվրոպական խաղերին:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Բելառուսի մայրաքաղաք Մինսկից ասաց հեծանվային սպորտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն, երկրորդ Եվրոպական խաղերի մասնակից Էդգար Ստեփանյանը:

Հայաստանի առաջատար հեծանվորդը Հայաստանի մարզական պատվիրակության առաջին խմբի հետ արդեն ժամանել է Մինսկ, որտեղ հունիսի 21-ին կմեկնարկի Եվրոպական երկրորդ խաղերը:

Եվրոպական խաղերին մասնակցում է 50 երկրի 3818 մարզիկ: Խաղերի ծրագրում ընդգրկված է 21 մարզաձեւ: Հայաստանը կունենա 37 մասնակից 9 մարզաձեւերում՝ ըմբշամարտ (հունահռոմեական եւ ազատ ոճ), բռնցքամարտ, սպորտային մարմնամարզություն, ձյուդո, սամբո, հեծանվասպորտ, թիավարություն եւ կանոե, հրաձգություն եւ բադմինտոն:

Էդգար Ստեփանյանի հետ Մինսկ են ժամանել սամբո, հրաձգություն, բռնցքամարտ մարզաձեւերի ներկայացուցիչները:

«Մինսկը մեզ շատ ջերմ ընդունեց: Եղանակը հրաշալի է, մի փոքր շոգ: Ժամանել ենք հունիսի 19-ի առավոտյան: Անմիջապես օդանավակայանում մեզ դիմավորեցին եւ հատուկ Եվրոպական խաղերի համար նախատեսված ավտոբուսներով եկանք օլիմպիական ավան, որտեղ պետք է ապրեն մասնակից բոլոր երկրների մարզիկները: Տեղավորվելուց հետո ճաշել ենք եւ բոլորով սկսել մեր մարզումները: Պայմանները հրաշալի են, ամեն ինչ շատ լավ է կազմակերպված: Բոլորիս մոտ տրամադրությունը շատ բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական:

Ես արդեն սկսել եմ մարզումներս, այսօր արդեն հեծանվահրապարակում պետք է մարզվեմ: Ձեռքս նորմալ է, դեռեւս չի խանգարում մարզումներիս: Միայն մրցումների օրերին գիպսը կհանեմ: Հուսամ մինչեւ վերջ բոլորիս մոտ կպահպանվի այս բարձր տրամադրությունը: Այստեղ հրաշալի են աշխատում կամավորները: Ամեն վայրկյան մեր կողքին են, անընդհատ հարցնում են, թե ինչով կարող են օգնել, օգտակար լինել»,- ասաց Էդգար Ստեփանյանը:

Մարզիկներին մրցավայր է ուղեկցել ՀԱՕԿ նախագահի խորհրդական Արմեն Գրիգորյանը:

Հայաստանի պատվիրակության 37 մարզիկներն իրենց ուժերով են ձեռք բերել Եվրոպական խաղերին մասնակելու իրավունքը: ՀԱՕԿ-ը սպիտակ քարտերի հնարավորությունից չի օգտվել:

Եվրոպական խաղերը օլիմպիական վարկանիշային են ձյուդո, հեծանվային սպորտ, բադմինտոն մարզաձեւերի համար: Իսկ բռնցքամարտի արդյունքները գրանցվելու են որպես 2019 թվականի Եվրոպայի առաջնության արդյունքներ:

Եվրոպական խաղերի բացման արարողությանը եւ մարզական պատվիրակությունների շքերթին Հայաստանի պատվիրակության անդամներն ու մարզիկները լինելու են հայ դիզայներների պատրասված հագուստով, իսկ մրցումներին մասնակցելու են  հատուկ Եվրոպական խաղերի համար պատվիրած համազգեստով:

Խաղերի բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 21-ին Մինսկի «Դինամո» ստադիոնում 21:00-ին (Երեւանի ժամանակով):

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում