23:27  ,  19 հունիսի, 2019

Իտալիա - Հայաստան հանդիպումն անավարտ է մնացել սկանդալի պատճառով

Ֆուտզալի Իտալիայի և Հայաստանի հավաքականների երկրորդ ընկերական հանդիպումը մնացել է անավարտ. իտալացիները չեն պահպանել արդար խաղի (fair play) կանոնները: Այս մասին ՀՖՖ պաշտոնական կայքին Իտալիայից հայտնել են ՀՖՖ պատվիրակության ներկայացուցիչները:

Հունիսի 18-ին Հայաստանի հավաքականը հաղթել էր իտալացիներին 2:1 հաշվով, և դաշտի տերերն այսօր տրամադրված էին անպայման վրեժխնդիր լինել:

Մրցավարն իտալացի էր և ցանկացած կասկածելի իրավիճակում որոշում էր կայացնում հօգուտ իտալացիների՝ նշանակելով չհիմնավորված բազմաթիվ տուգանայիններ: Այդուհանդերձ, հավասար պայքար էր ընթանում: 2:2 հաշվի ժամանակ, երբ խաղի ավարտին մնացել էր 1 րոպե 12 վայրկյան, մրցավարը ոչ կոնտակտային իրավիճակում հերթական տուգանայինը ֆիքսեց՝ խաղի ընթացքում երրորդ անգամ անարդարացիորեն 10-մետրանոց նշանակելով մեր դարպասին:

Քանի որ իրականում խախտում չկար, մեր թիմի ֆուտբոլիստները հայտնեցին իրենց անհամաձայնությունը. հավաքականի մարզիչները հրահանգեցին դարպասապահին ազատել դարպասը՝ ի նշան բողոքի:

Իտալացիները հավաստիացրեցին, որ իրենք էլ են համարում, որ խախտում չի եղել, և իրենք պատրաստ են շեղ հարվածել, եթե դարպասապահը զբաղեցնի իր տեղը՝ այդպիսով պահպանելով արդար խաղի կանոնները: Այդուհանդերձ, երբ մեր դարպասապահը զբաղեցրեց իր տեղը, իտալացիները գրավեցին մեր դարպասը:

Դրանից հետո Հայաստանի հավաքականի մարզիչներն ու ՀՖՖ պատվիրակությունը որոշեցին դուրս բերել թիմը խաղադաշտից, քանի որ իտալացիները, ի հակառակ իրենց խոստումի. չպահպանեցին արդար խաղի (fair play) կանոնները: Խաղը մնաց անավարտ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում