17:36  ,  19 հունիսի, 2019

Վարդան Մինասյան․ ԱԻԿ-ն ուժեղ թիմ է, ունի եվրագավաթներում հանդես գալու փորձ

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանության արդյունքը։ Երեւանյան թիմը կմրցի շվեդական ԱԻԿ-ի հետ։

«Դեռ խորությամբ չենք ուսումնասիրել մրցակցին, բայց գիտենք, որ սկանդինավյան պետություններին բնորոշ ուժային ֆուտբոլ են դավանում: Պետք է շատ ուշադիր լինենք մանրուքներին և ուսումնասիրենք մրցակցի ուժեղ և թույլ կողմերը, որ հասկանանք՝ ինչ ֆուտբոլ են խաղում: Կարող եմ ասել, որ ուժեղ թիմ է և եվրագավaթներում հանդես գալու փորձ ունի: Փորձելու ենք լավագույնս հանդես գալ և անել մեր առավելագույնը առաջիկա երկու հանդիպումներում:

Մեր տղաների հետ մի փոքր ավելի ուշ կզրուցենք մրցակից թիմի մասին: Հիմա ուսումնասիրում ենք նրանց և Բելառուսի ուսումնամարզական հավաքի ժամանակ մեր թիմին կներկայացնենք մրցակցի կազմը, թե ինչ սխեմայով են խաղում և ինչ ուժեղ և թույլ կողմեր ունեն:

Մի քանի խաղացողներ արդեն հեռացել են մեր թիմից, որոնցից երկուսին ես կուզենայի տեսնել թիմում: Արդեն երկու նորեկներ ունենք, բայց աշխատում ենք ևս մի քանի ֆուտբոլիստ հրավիրել:

Մեկ շաբաթ է Հանքավանում մարզումներ ենք անցկացնում, որից հետո երկու օր հանգիստ ենք ունենալու Երևանում և մեկնելու ենք Բելառուս ուսումնամարզական հավաքի: Այնտեղ անցկացնելու ենք երեք ընկերական հանդիպում: Այժմ մեր հիմնական նպատակը առաջիկա երկու հանդիպումներում լավագույնս հանդես գալն է»,- պատմել է Վարդան Մինասյանը «Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայությանը:

Որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումը տեղի կունենան հուլիսի 9-ին կամ 10-ին, պատասխան հանդիպումը՝ հուլիսի 16-ին կամ 17-ին:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում