17:42  ,  14 հունիսի, 2019

Գագիկ Ծառուկյան․ Վստահ եմ, որ մեդալներով կվերադառնանք ԵԽ-2019-ից

Եվրոպական խաղերի մրցավայրում լինելու եմ Հայաստանի մարզական պատվիրակության հետ եւ վստահ եմ, որ մեդալներով կվերադառնանք: Այս մասին Եվրոպական խաղերի մասնակիցների հետ հադիպմանն ասաց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Հունիսի 14-ին Երեւանի «Օլիմպավանում» Գագիկ Ծառուկյանն ընդունեց Հայաստանի պատվիրակության անդամներին, որոնք կմասնակցեն երկրորդ Եվրոպական խաղերին: Հանդիպմանը ներկա էին օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը, Եվրոպայի չեմպիոններ Հովհաննես Բաչկովը, Ֆերդինանդ Կարապետյանր, այլ մարզիկներ, մարզիչներ։

«Առաջին Եվրոպական խաղերը Բաքվում էին եւ Հայաստանը պատվով մասնակցեց: Նրանց փայլուն մասնակցությունըւ պատմության մեջ պետք է գրվի, որ պատերազմող երկրում կայացող Եվրոպական խաղերում կարողացանք պատվիրակություն ուղարկել, մեր մարզիկները կարողացան մեդալով վերադառնալ, դրոշ բարձրացնել: Երկրորդ խաղերն արդեն մեր հարազատ, բարեկամ երկրում՝ Բելառուսում է լինելու: Ես մեր պատվիրակության հետ եմ լինելու: Վստահ եմ, որ Մինսկից մեդալներով ենք վերադառնալու: Ուրախացնում է, որ Եվրոպական խաղերին մասնակցում ենք ոչ թե երկու-երեք մարզիկով, այլ մի քանի մարզաձեւերում միանգամից մի քանի մարզիկներով: Բոլոր աշխատանքները կատարված են: Մասնակցում ենք 37 մարզիկով, մեր ուժերով նվաճած: Սպիտակ քարտերով մասնակից չենք տանում, քանի որ ուղղակի մասնակից չենք ցանկանում ընդգրկել կազմ:

Նույն կերպ կվարվենք նաեւ Տոկիո-2020-ի Օլիմպիական խաղերում, կհրաժարվենք սպիտակ քարտերից: Մենք արդեն կայացած թիմեր ունենք, աշխարհի, Եվրոպայի չեմպիոններ, մրցանակակիրներ, ուժեղ մարզիկներ ունենք, որոնք իրենց ուժերով կարող են վաստակել Օլիմպիական խաղերում մասնակցությունը»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ նաեւ ԵԽ-2019-ում բռնցքամարտիկների մասնակցության շուրջ ստեղծված տարաձայնություններին:

«Բռնցքամարտում խնդիրներն առաջացել են 2018 թվականի օգոստոսից: Մարզիչներն ու մարզիկները ինձ ներկայացրել են խնդիրը, իրենց դժգոհությունն են հայտնել, պատմել են, որ չեն վարձատրվում, նաեւ ասել են, որ խախտումներով ընտրություններ են անցել, մենք էլ որոշել ենք հնարավորություն տալ մարզիկներին ու մարզիչներին: Ընտրությունների արդյունքները չենք ընդունում, կասեցվել է նաեւ ՀԱՕԿ-ում անդամակցությունը: Շուտով կանցկացվի նախագի նոր ընտրություն եւ կընտրվի նոր նախագահ, խնդիրները կլուծվեն: Ինձ համար այս կամ այն ֆեդերացիա չկա, այս կամ այն ֆեդերացիայի բռնցքամարտիկ ասված՝ եւս:

Կլինի նոր ընտրություն, ում կընտրեն բռնցքամարտիկները, նա էլ կլինի ֆեդերացիայի նախագահ: Իսկ մինչ այդ բռնցքամարտիկների աշխատանքները կազմակերպում եւ համակարգում է Օլիմպիական կոմիտեն: Մարզիկներն ընտրվել են երկու ֆեդերացիաներից էլ, որպեսզի բոլորն էլ հնարավորությույն ունենան փորձեն ուժերը: Մարզիկներին մրցավայր կուղեկցեն երկու ֆեդերացիաներից տարբեր մարզիչներ: Որեւէ տարբերություն չի դրվել: Ինձ համար բոլորը հավասար են: Չի կարող պատահել, որ ես մի կողմը պահեմ, մյուսը գցեմ: Հավասար երկու կողմից էլ մարզիչներ կգնան Մինսկ: Արդարացի է, որ այս պարագայում երկու կողմից էլ բռնցքամարտիկներ գնան մասնակցեն Եվրոպական խաղերին»,- նշեց ՀԱՕԿ նախագահը:

Խաղերի ծրագրում ընդգրկված է 21 մարզաձեւ: Հայաստանը կունենա 37 մասնակից 9 մարզաձեւերում՝ ըմբշամարտ (հունահռոմեական եւ ազատ ոճ), բռնցքամարտ, սպորտային մարմնամարզություն, ձյուդո, սամբո, հեծանվասպորտ, թիավարություն եւ կանոե, հրաձգություն եւ բադմինտոն:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում