13:50  ,  14 հունիսի, 2019

Լեւոն Ջուլֆալակյան․ Տարաձայնություններ եղան Արթուր Շահինյանի եւ Մաքսիմ Մանուկյանի մասնակցության հարցում

Եվրոպական խաղերի մասնակից կազմի որոշման հարցում մարզչական խորհրդի ընթացքում տարաձայնությունների արդյունքում որոշեցինք հավաքական ընդգրկել աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանին՝ Արթուր Շահինյանի փոխարեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը: Հայաստանի թիմը հունիսի 14-ին բաց մարզում անցկացրեց, որի ընթացքում Լեւոն Ջուլֆալակյանը ներկայացրեց Եվրոպական խաղերում Հայաստանի հավաքականի կազմը:

«Հունահռոմեականները Եվրոպական խաղերին կմասնակցեն 5 քաշային կարգերում. 60 կգ քաշային կարգում՝ Արմեն Մելիքյան, 67 կգ՝ Կարեն Ասլանյան, 77 կգ՝ Կարապետ Չալյան, 87 կգ՝ Մաքսիմ Մանուկյան եւ 97 կգ Արթուր Ալեքսանյան:

Թիմն անցել է պլանավորված ուսումնամարզական հավաքները, միջազգային մրցաշարերը: Այս կազմը որոշվել է քննարկումների արդյունքում: Արթուր Ալեքսանյանը լիարժեք վերադարձել է մրցագորգ: Նա հադես եկավ Ղազախստանի մրցաշարում եւ շատ վստահ գոտեմարտեր անցկացնելով, հռչակվեց չեմպիոն: Կարապետ Չալյանի վնասվածքն ապաքինվել է եւ մարզիչներով որոշեցինք նրան ընդգրկել Եվրոպական խաղերի կազմ:

Մարզչական խորհրդի ժամանակ մի քիչ տարաձայնություններ եղան Արթուր Շահինյանի եւ Մաքսիմ Մանուկյանի մասնակցության հարցում:

Ընդհանուր համաձայնության եկանք, որ կմասնակցի Մաքսիմ Մանուկյանը: Անկախ մասնակցության արդյունքներից, աշխարհի առաջնությունից առաջ այս քաշային կարգում կփորձարկենք մարզիկներին: Աշխարհի առաջնության կազմը կորոշվի միջազգային մրցաշարերի արդյունքներով»,- ասաց Լեւոն Ջուլֆալակյանը:

Եվրոպական երկրորդ խաղերը կանցկացվեն Բելառուսի մայրաքաղաք Մինսկում հունիսի 21-30-ը: Խաղերի ծրագրում ընդգրկված է 21 մարզաձեւ: Հայաստանը կունենա 37 մասնակից 9 մարզաձեւերում՝ ըմբշամարտ (հունահռոմեական եւ ազատ ոճ), բռնցքամարտ, սպորտային մարմնամարզություն, ձյուդո, սամբո, հեծանվասպորտ, թիավարություն եւ կանոե, հրաձգություն եւ բադմինտոն:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում