15:21  +04,  12 հունիսի, 2019

Էդգար Ստեփանյան․ Մոսկվայում մրցման ընթացքում ձեռքի երկու կոտրվածք եմ ստացել

Մոսկվայում մրցման ընթացքում ձեռքի երկու կոտրվածք եմ ստացել: Չնայած բժիշկների հորդորին, այժմ շարունակում եմ մարզվել եւ նախապատրաստվել Եվրոպական խաղերին:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի առաջատար հեծանվորդ, Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն Էդգար Ստեփանյանը, որն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Երեւանի «Օլիմպավանում» Մինսկում կայանալիք Եվրոպական խաղերից առաջ:

«Լուրջ վնասվածք եմ ստացել: Երկու կոտրվածք ունեմ՝ դաստակից: Դեպքը տեղի ունեցել Մոկսվայում հունիսի 2-ին, որտեղ մասնակցում էի Գրան Պրիի հերթական մրցաշարին: Մասնակցում էի օմնիում մրցաձեւի խմբային վազքին: Առաջին շրջանի եզրագիծն առաջին տեղով անցա, երկրորդ շրջանի ժամանակ դիմացս 4 հեծանվորդ ընկավ, ես էլ իրենց հետ:

Արդեն 8-րդ օրն է՝ ձեռքս գիպսի մեջ է: Բժիշկներն ասում են, որ 8 շաբաթ պետք է մնա գիպսի մեջ, բայց բժիշկներին խնդրել եմ մրցումների համար հանեն, որպեսզի կարողանամ մասնակցել Եվրոպական խաղերին: Չեմ կարող Խաղերը բաց թողել: Մեծ դժվարությամբ եմ ուղեգիրը ձեռք բերել: Բժիշկները հորդորում են՝ չմասնակցեմ, բայց չեմ կարող:

Այժմ մարզվում եմ այսպես, պետք է ամեն ինչ անեմ, որ կարողանամ լավ հանդես գալ Եվրոպական խաղերում: Եթե լսեմ բժիշկներին ու չգնամ, հետագայում գուցե շատ փոշմանեմ, որ կարող էի լավ արդյունք ցույց տալ, բայց չգնացի: Հասկանում եմ, որ վտանգավոր է, ռիսկային, բայց կյանքում գալիս է մի պահ, որ առողջությունդ մի կողմ ես դնում նպատակներիդ հասնելու համար: Հնարավորինս ամեն ինչ կանեմ, որ անպայման մասնակցեմ ու լավ արդյունք ցույց տամ: Ինձ համար շատ կարեւոր է Եվրոպական խաղերը եւ ուղղակի չեմ կարող այն բաց թողնել, քանի որ 4 տարին մեկ է լինում»,- ասաց Էդգար Ստեփանյանը:

Մայիսի 25-28-ը Ռուսաստանի Տուլա քաղաքում կայացած օլիմպիական վարկանիշային Գրան պրիում Ստեփանյանը վարկանիշային միավորներ էր վաստկել՝ գրանցելով բարձր արդյունքներ: Սկրետչ մրցաձեւում Ստեփանյանը զբաղեցրել է 6-րդ տեղը, իսկ օմնիումում գրանցել է 10-րդ արդյունքը: Սկրետչ մրցաձեւի եզրափակիչի ուղեգիր է նվաճել առաջին տեղով։ Մոսկվայի «Գրան Պրիից» հետո Էդգար Ստեփանյանը պետք է հանդես գար նաեւ նաեւ Սանկտ Պետերբուրգի «Գրան Պրիին», սակայն վնասվածքի պատճառով չի մասնակցել:

Հիշեցնենք, որ Էդգար Ստեփանյանը Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի միակ ներկայացուցիչն է: 2014թ․ աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր է, 2015 թ․ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն եւ երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն, 2017 թ․աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր, 2017 եւ 2018 թվականների Հայաստանի լավագույն 10 մարզիկներից մեկը:

2018 թվականի ավարտին լրագրողների հետ տարվա ամփոփման ընթացքում Էդգար Ստեփանյանը դժգոհություն էր հայտնել Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի ղեկավարությունից, մասնավորապես նախագահ Արման Սահակյանից, նշելով, որ իր բարձր նվաճումներից հետո ֆեդերացիայի նախագահը հանդիպում չի կազմակերպում եւ նույնիսկ չի շնորհավորում: Արման Սահակյանը, որը հունիսի 11-ին վերընտրվեց ֆեդերացիայի նախագահի պաշտոնում, Էդգար Ստեփանյանի հայտարարությունը որակեց երիտասարդական չարաճճիություն:

«Էդգարին ես շատ եմ սիրում եւ հարգում: Ուղղակի կմեկնաբանեմ, որ բավական երիտասարդ է, միանգամից շատ լուրջ հաջողությունների հասավ եւ ուղղակի իր դժգոհությունը կորակեմ որպես երիտասարդական չարաճճիություն իր կողմից: Էդգար Ստեփանյանի հետ մենք ունենք լուրջ ծրագրեր իրականացնելու: Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգրի հարցով հաշվարկների մեջ ենք: Մի քանի տարբերակներ կան, որ քննարկում ենք. գուցե հնարավոր լինի մի մրցաձեւից, կարծում եմ՝ խճուղային վազքում, ուղեգիր լինի: Էդգարն իրականում պրոֆեսիոնալ մարզիկ է: Ես կատակով ասացի նրա մասին չարաճճիության համար: Ինքը իսկապես պրոֆեսիոնալ է, շատ լավ մարզիկ է, ափսոս, որ վերջին շրջանում վնասվածքների հետ կապված խնդիրներ ունեցավ: Այժմ էլ կան այդ խնդիրները, բայց ես վստահ եմ, որ համատեղ ուժերով մեր մեծ ընտանիքով կփորձենք այդ խնդիրները լուծել»,- ասել էր Արման Սահակյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ