14:44  ,  12 հունիսի, 2019

Լուկա Յովիչը բուժզննում անցավ «Ռեալում» (ֆոտո)

Մադրիդի «Ռեալի» նորեկ Լուկա Յովիչն Արքայական ակումբում շնորհանդեսից առաջ հաջողությամբ բուժզննում է անցել Մադրիդի Sanitas La Moraleja University հիվանդանոցում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

21-ամյա սերբ հարձակվողի շնորհանդեսը «Սանտիագո Բերնաբեու» ստադիոնում տեղի կունենա հունիսի 12-ին։

21-ամյա ֆուտբոլիստը վեց տարվա պայմանագիր է կնքել։  Ոչ պաշտոնական տվյալներով, տրանսֆերի գինը 65 միլիոն եվրո է։ Վեց տարում ֆուտբոլիստը կվաստակի 70 միլիոն եվրո։

Գերմանիայի ավարտված առաջնությունում Լուկա Յովիչը մասնակցել է 32 հանդիպման, խփել 17 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Եվրոպայի լիգայում Յովիչը մասնակցել է 14 հանդիպման, խփել 10 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։ Գերմանական թիմը հասել էր Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ։

Յովիչը սերբական «Ցրվենա Զվեզդայի» սան է։ Բելգրադի թիմում նա հանդես է եկել 2014-2016 թվականներին, այնուհետեւ տեղափոխվել պորտուգալական «Բենֆիկա», որտեղից մեկ տարի անց վարձակալությամբ միացել էր Ֆրանկֆուրտի թիմին։ Անցած մրցաշրջանում «Այնտրախտը» գնել էր նրա տրանսֆերային իրավունքը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում