00:43  ,  12 հունիսի, 2019

Եվրո-2020․ Հայաստանի հավաքականի հաղթանակն Աթենքում՝ 3։2 (ֆոտո, վիդեո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի J խմբի չորրորդ տուրի խաղում հյուրընկալվելիս Աթենքում մրցեց Հունաստանի հավաքականի հետ եւ առավելության հասավ 3։2 հաշվով։ 

Առաջին խաղակեսից հետո Հայաստանի հավաքականն արդեն հաղթում էր 2։0 հաշվով։ Արդեն 8-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանի փոխանցումից հետո անչափ բարդ հարված կատարեց Ալեքսանդր Կարապետյանը եւ սուր անկյունից գրավեց մրցակցի դարպասը։

33-րդ րոպեին Կամո Հովհհանիսյանի փոխանցումից հետո Գեւորգ Ղազարյանը խփեց Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմի երկրորդ գոլը։

Ընդմիջումից հետո կիսապաշտպան Զեկայի հեռվից կատարած հարվածի շնորհիվ դաշտի տերերը կարողացան 54-րդ րոպեին կրճատել հաշվի տարբերությունը։ Գոլից հետո հույները տիրեցին տարածքային եւ խաղային առավելությանը։ Հայաստանի թիմը դիմում էր հակագրոհների՝ դրանցից մեկի ժամանակ խփելով երրորդ գոլը։

74 -րդ րոպեին գերազանց անցում եւ փոխանցում Տիգրան Բարսեղյանին կատարեց Հենրիխ Մխիթարյանը։ Բարսեղյանը երկու փորձից գրավեց դարպասը։ Առաջին հարվածից հետո գնդակն ուղղահայաց դարպասաձողից դարձյալ հայտնվեց Բարսեղյանի մոտ, որը երկրորդ հարվածը հստակ կատարեց։ 

87-րդ րոպեին Կոստաս Ֆորտունիսը շրջանցեց Հայաստանի հավաքականի չորս խաղացողների եւ գրավեց Արամ Հայրապետյանի պաշտպանած դարպասը։

Հայաստանի հավաքականը կարողացավ մնացած ժամանակում պահպանել հաղթական հաշիվը եւ 6 միավորով բարձրանալ երրորդ տեղ՝ շրջանցելով Հունաստանին եւ Բոսնիա-Հերցեգովինային, որոնք ունեն 4-ական միավոր։

Նույն խմբում Իտալիայի հավաքականն ընդունեց Բոսնիա-Հերցեգովինայի թիմին, հաղթեց 2։1 հաշվով եւ 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Ֆինլանդիայի հավաքականը հյուրընկալվելիս 2։0 հաշվով հաղթեց Լիխտենշտեյնի թիմին եւ 9 միավորով երկրորդ տեղում է։

Եվրո-2020, ընտրական փուլ, չորրորդ տուր, J խումբ

Հունաստան - Հայաստան՝ 2։3 (տեսանյութ)

Զեկա, 54, Կոստաս Ֆորտունիս, 87 - Ալեքսանդր Կարապետյան, 8, Գեւորգ Ղազարյան, 33, Տիգրան Բարսեղյան, 74

Հայաստան․ Արամ Հայրապետյան, Վարազդատ Հարոյան, Հայկ Իշխանյան, Հովհաննես Համբարձումյան,  Արտակ Գրիգորյան, Կամո Հովհաննիսյան, Կառլեն Մկրտչյան (Ռումյան Հովսեփյան, 55), Հենրիխ Մխիթարյան, Գեւորգ Ղազարյան (Պետրոս Ավետիսյան, 83), Տիգրան Բարսեղյան, Ալեքսանդր Կարապետյան (Էդգար Բաբայան, 71)։

Իտալիա - Բոսնիա-Հերցեգովինա՝ 2։1 (տեսանյութ)

Լորենցո Ինսինյե, 49, Մարկո Վերատի, 86 - Էդին Ջեկո, 32

Լիխտենշտեյն - Ֆինլանդիա՝ 0։2 (տեսանյութ)

Տեեմու Պուկի, 37, Բենյամին Կյալման, 57

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով