21:01  +04,  11 հունիսի, 2019

Արման Սահակյանը վերընտրվեց Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի նախագահ

Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայում հունիսի 11-ին կայացավ ֆեդերացիայի ընդհանուր ժողով, որի օրակարգում ֆեդերացիայի նախագահի ընտրությունն էր: Ֆեդերացիայի գործող նախագահ Արման Սահակյանը միաձայն վերընտրվեց նախագահի պաշտոնում:

Նշենք, որ նախքան ֆեդերացիայի ընդհանուր ժողովը, Հայաստանի սիրողական հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Արման Անտոնյանը հայտարարել էր, որ առաջադրելու է իր թեկնածությունը ֆեդերացիայի նախագահի պաշտոնում:

Սակայն հունիսի 11-ին կայացած ժողովում Արման Սահակյանից բացի այլ թեկնածու չկար: Քվեարկությունն անցավ բաց, Արման Սահակյանին դեմ քվեարկող չեղավ:

Լրագրողների հետ զրույցում ֆեդերացիայի վերընտրված նախագահը նշեց, որ հիմա քիչ զբաղվածություն ունի եւ կնվիրվի Հայաստանում հեծանվային սպորտի զարգացմանն ու ֆեդերացիայի աշխատանքներին:

«Ես նույնպես գիտեի, թե ինձնից բացի էլի մարդիկ կան, որ ցանկանում են առաջադրվել, ինչի համար շատ ուրախացել էի: Բայց այդպես էլ ոչ ոք չառաջադրվեց. ափսոսում եմ: Մրցակցություն կլիներ: Շնորհակալ եմ բոլորին այս վստահութան համար: 2015 թվականին, երբ առաջին անգամ ընտրվեցի ֆեդերացիայի նախագահ, աշխատանքիս պատճառով դժվարանում էի շատ ժամանակ տրամադրել ֆեդերացիային: Այժմ հասկանալի պատճառներով զբաղվածությունս ավելի քիչ է եւ առաջիկա 5 տարիներին կկենտրոնանամ միայն ֆեդերացիայի եւ մեր մարզիկների վրա: Առջեւում Տոկիո-2020-ի Օլիմպիական խաղերն են եւ շատ հնարավոր է, որ ունենանք ուղեգիր մեկ մրցաձեւում: Այժմ աշխատում ենք այդ ուղղությամբ: Շատ եմ սիրում եւ հարգում Էդգար Ստեփանյանին եւ մեծ հույս ունեմ, որ առաջիկա 5 տարում մեծ աշխատանք կկատարենք միասին: Նա իսկապես պրոֆեսիոնալ մարզիկ է»,- ասաց Արման Սահակյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ