16:14  +04,  11 հունիսի, 2019

Եվրո-2020․ Հունաստան - Հայաստան. Խաղից առաջ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է պայքարը Եվրո-2020-ի ընտրական փուլում: J խմբի չորրորդ տուրում Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը հունիսի 11-ին Աթենքում արտագնա հանդիպում կանցկացնի Հունաստանի ազգային հավաքականի հետ:

Պատմություն

Սա Հայաստանի եւ Հունաստանի հավաքականների 5-րդ դիմակայությունն է: Թիմերն առաջին անգամ հանդիպել են 2004 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում: Առաջին խաղը տեղի է ունեցել 2002 թվականի նոյեմբերի 16-ին Աթենքում, որտեղ հույները տնային հաղթանակ են տարել 2:0 հաշվով: Հավաքականների պատասխան խաղը կայացել է  2003 թվականի հոկտեմբերի 6-ին, որտեղ Հայաստանի հավաքականը Երեւանում պարտվել է 0:1 հաշվով:

Հայաստանի եւ Հունաստանի հավաքականները հանդիպել նաեւ ընկերական խաղերում՝ 2008 եւ 2012 թվականներին Հունաստանում: 2008 թվականի հունիսի 1-ին կայացած ընկերական հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 0։0, իսկ 2012-ի մայիսի 31-ին կայացած խաղում՝ հույները հաղթել են 1:0 հաշվով: Այդ խաղում Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին երկու անգամ 11 մետրանոց հարված հետ մղեց:

Եվրո-2020-ի ընտրական մրցաշար

Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 3 տուրից հետո Հայաստանի հավաքականը 3 միավոր ունի: Ազգային հավաքականը մարտի 23-ին արտագնա խաղում 1։2 հաշվով պարտություն էր կրել Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականից, մարտի 26-ին տանը 0:2 հաշվով պարտվել էր  Ֆինլանդիայի հավաքականին, իսկ հունիսի 8-ին 3:0 հաշվով տնային հաղթանակ տարավ Լիխտենշտեյնի հավաքականի նկատմամբ:

3-րդ տուրից հետո Հունաստանի հավաքականը 4 միավորով մրցաշարային աղյուսակում 4-րդն է: Հունաստանի ազգային հավաքականը մարտի 23-ին արտագնա խաղում 2:0 հաշվով հաղթել էր Լիխտենշտեյնի հավաքականին, մարտի 26-ին Սարաեւոյում Բոսնիա եւ Հերցեգովինայի հավաքականի հետ ոչ ոքի էր խաղացել՝ 2:2, իսկ հունիսի 8-ին Իտալիայի հավաքականի հետ խաղում 0։3 հաշվով տնային պարտություն կրել:

3-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 9 միավորով գլխավորում է Իտալիայի հավաքականը: 2-րդ տեղում Ֆինլանդիայի հավաքականն է՝ 6 միավորով, Բոսնիա-Հերցեգովինան եւ Հունաստանը 4-ական միավորով 3-րդ եւ 4-րդ տեղերում են: Հայաստանի հավաքականը  5-րդն է՝ 3 միավոր: Լիխտենշտեյնի հավաքականը միավոր չունի:

Նախախաղային տրամադրություն

Արմեն Գյուլբուդաղյանցը Հունաստանի հետ խաղում լավ արդյունք գրանցելու հույս ունի: Աթենքում կայացած նախախաղային ասուլիսում գլխավոր մարզիչն ասել է, որ Հունաստանի հավաքականն ուժեղ խաղացողներ ունի, սակայն իր թիմը պետք է կենտրոնանա սեփական խաղի վրա: 

«Մենք հագնում ենք հավաքականի մարզաշապիկը և պետք է ամեն ինչ անենք, որ բարձր պահենք մեր ազգի պատիվը ամեն խաղում: Մենք պետք է անենք ամեն ինչ լավ արդյունքի հասնելու համար»,- ասել է Արմեն Գյուլբուդաղյանցը:

Կորուստներ

Հայաստանի հավաքականը Աթենք է մեկնել 22 ֆուտբոլիստնբերով: J խմբի 3-րդ եւ 4-րդ տուրերին նախապատրաստվող 25 ֆուտբոլիստներից Աթենք չեն մեկնել «Գանձասար-Կապանի» դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը եւ «Փյունիկի» խաղացողներ Էրիկ Վարդանյանն ու Արմեն Մանուչարյանը:

Հիշեցնենք, որ վնասվածքների պատճառով հավաքական չէին հրավիրվել եւ Եվրո-2020-ի ընտրական փուլի երկու խաղերում ազգային հավաքականին չեն կարող օգնել Մարկոս Պիզելին, Արտյոմ Խաչատուրովը, Սարգիս Ադամյանը, Յուրա Մովսիսյանը, Բրիասկո-Բալեկյանը եւ Անդրե Կալիսիրը: Շվեդական «Գյոտեբորգի» պաշտպան Անդրե Կալիսիրն օրերս ամուսնացել է Շվեդիայում եւ հենց այդ պատճառով էլ բաց թողեց հավաքականի երկու խաղերը։

Աթենքում կայացած նախախաղային ասուլիսում Արմեն Գյուլբուդաղյանցը նաեւ տեղեկացրել էր, որ ֆուտբոլիստներից մի քանիսը փոքր վնասվածքներ ունեն:

Բուքմեյքերների կարծիքը

Բուքմեյքերները Հունաստան-Հայաստան խաղում Հայաստանի հավաքականի հաղթանակին չեն հավատում: Հայաստանի հաղթանակը գնահատվում է՝ 8.50 գործակից: Բուքմեյքերների ֆավորիտը Հունաստանի հավաքականն է. հաղթանակի հավանականությունը գնահատվում է 1․40 գործակից: Ոչ ոքին՝ 4․10 է:

Ստադիոնը

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի չորրորդ տուրում Հունաստան-Հայաստան հանդիպումը տեղի կունենա Աթենքի «Օլիմպիական» ստադիոնում:

Ստադիոնի հիմքը դրվել է 1979 թվականին, կառուցվել է 1982 թվականին: Այն վերակառուցվել է 2002-2004 թվականներին եւ հենց այս ստադիոնում է կայացել 2004 թվականի Աթենքի Օլիմպիական խաղերի բացման եւ փակման արարողությունները: Ստադիոնն ընդունել է նաեւ 2007 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը: «Օլիմպիականը» ֆուտբոլի Հունաստանի ազգային հավաքականի տնային հանդիպումների ստադիոնն է: Ընունում է 69 618 հանդիսական:

Հայաստանի հավաքականն արդեն մարզվել է «Օլիմպիականում»: Մարզմանը մասնակցել են Հայաստանի թիմում Աթենք մեկնած բոլոր  ֆուտբոլիստները:

Լուսինե Շահբազյան

Եվրո-2020, ընտրական փուլ, չորրորդ տուր

J խումբ

Հունաստան - Հայաստան՝ 22։45 (Երեւանի ժամանակ)

 Գլխավոր մրցավար Կրիստո Տոհվեր (Էստոնիա)

Հայաստանի հավաքական

Դարպասապահներ 

Արամ Հայրապետյան, «Բանանց»            

Հենրի Ավագյան, «Ալաշկերտ»

Արսեն Բեգլարյան, «Դնեպր», (Բելառուս)      

Պաշտպաններ

Տարոն Ոսկանյան, «Ալաշկերտ»                                                                  

Վարազդատ Հարոյան, «Ուրալ», Ռուսաստան

Հայկ Իշխանյան, «Լոռի ՖԱ»        

Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի», (Կիպրոս)

Արման Հովհաննիսյան, «Գանձասար-Կապան»

Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու», (Ղազախստան)

Կիսապաշտպաններ                                                        

Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ»

Կառլեն Մկրտչյան, «Փյունիկ» 

Արմեն Համբարձումյան, «Արարատ-Արմենիա»

Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»

Ռումյան Հովսեփյան, «Փյունիկ»

Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ», (Անգլիա)

Պետրոս Ավետիսյան, «Արարատ-Արմենիա»

Արաս Օզբիլիս, «Բեշիկթաշ» (Թուրքիա)

Գևորգ Ղազարյան, առանց ակումբի

Էդգար Բաբայան, «Հոբրո», (Դանիա) 

Հարձակվողներ

Տիգրան Բարսեղյան, «Կայսար», (Ղազախստան)

Ալեքսանդր Կարապետյան, «Պրոգրես Նիդերկորն», (Լյուքսեմբուրգ)

Արթուր Միրանյան, «Փյունիկ»

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ