21:05  ,  10 հունիսի, 2019

Արմեն Գյուլբուդաղյանց․ Պետք է ամեն ինչ անենք, որ բարձր պահենք մեր ազգի պատիվը ամեն խաղում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը Աթենքում խոսել է Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջիկա խաղի մասին։

Հայաստանի հավաքականը չորրորդ տուրում կհյուրընկալվի Հունաստանի թիմին։

«Վաղը կարևոր մրցավեճ է, մենք պետք է անենք ամեն ինչ լավ արդյունքի հասնելու համար:

Երբ պետք է մրցես ուժեղ հավաքականի հետ, փորձում ես վերլուծել նրա խաղը, իմանալ ուժեղ ու թույլ կողմերը, սակայն հարկավոր է կենտրոնանալ սեփական խաղի վրա:

Հունաստանի հավաքականում ուժեղ ֆուտբոլիստներ կան: Ամեն ինչ հաշվի ենք առնելու և փորձելու հասնել լավ արդյունքի:

Էրիկ Վարդանյանը ջերմություն ուներ և այդ պատճառով չի կարողացել մեկնել Աթենք:

Չեմ կարծում՝ Լիխտենշտեյնի հավաքականի հետ խաղում ավելի շատ էներգիա ծախսեցինք, քան պետք էր: Մի 10 րոպե եղավ՝ խաղի թելը բաց էինք թողել, եղան վտանգավոր պահեր, Տարոն Ոսկանյանն ու Հայրապետյանը փրկեցին: Խաղն այնպես դասավորվեց, որ պետք էր մինչև վերջ պայքարել:

2 փոքր վնասվածքներ ունենք։ Ոչ մեկին ոչ մի բան չունենք ապացուցելու: Մենք հագնում ենք հավաքականի մարզաշապիկը և պետք է ամեն ինչ անենք, որ բարձր պահենք մեր ազգի պատիվը ամեն խաղում»,- ասել է Արմեն Գյուլբուդաղյանցը:

Հունիսի 11-ին Աթենքում կայանալիք Հունաստան - Հայաստան հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։

Սամվել Սուքիասյան (Աթենք)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով