23:21  ,  8 հունիսի, 2019

Լիխտենշտեյնի հավաքականի մարզիչ․ Մեր դարպասապահն առաջին միջազգային հանդիպումն էր անցկացնում

Լիխտենշտեյնի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հելգի Կոլվիդսոնը հեխաղյա ասուլիսում մեկնաբանել է Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի երրորդ տուրում Հայաստանի հավաքականից կրած 0։3 հաշվով պարտությունը:

«Մենք պարտություն կրեցինք, քանի որ թիմը առաջին իսկ րոպեին կոպիտ սխալ թույլ տվեց, ինչը հնարավորություն տվեց Հայաստանի հավաքանանին գրավել մեր դարպասը եւ լավ տեմպով շարունակել խաղը:

Մեր թիմի կազմում հանդես էին գալիս շատ երիտասարդ ֆուտբոլիստներ: Մենք բարդություններ ունեցանք դեմ-դիմաց պահերում եւ չկարողացանք այդ բարդ հարցերը լուծել: Երկրորդ խաղակեսին վնասվածքի պատճառով տիպված էինք ֆուտբոլիստ փոխարինել: Մի քանի լավ հնարավորություն ստացանք, բայց Հայաստանի դարպասապահը այդ մի քանի փորձում էլ փրկեց դրությունը: 0։3 հաշվով պարտությունը մեզ համար դառն է:

Այսօրվա մեր դարպասապահն իր առաջին միջազգային հանդիպումն էր անցկացնում: Մեր նախկին դարպասապահը, որը մասնակցել էր Հայաստանի հետ նախորդ հանդիպմանը, վիրահատվել է եւ չկարողացավ մասնակցել այս խաղին: Այսօրվա առաջին գոլը մեր դարպասապահի սխալն էր:

Առաջիկա խաղում Հայաստանի հավաքականի շանսերը մեծ են, բայց չպետք է մոռանալ, որ Հունաստանի հավաքականը եւս վերելք է ապրում, եւ նրանք էլ կարող են բոլոր հնարավորություններն օգտագործել Հայաստանի հավաքականի դեմ»,- ասաց Հելգի Կոլվիդսոնը:

Հայատանի հավաքականը Հունաստանի թիմի հետ կհանդիպի հունիսի 11-ին Աթենքում։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով