16:49  ,  8 հունիսի, 2019

Եվրո-2020. Հայաստան - Լիխտենշտեյն․ Խաղից առաջ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է պայքարը Եվրո-2020-ի ընտրական փուլում: J խմբի երրորդ տուրում Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը հունիսի 8-ին Երեւանում կընդունի Լիխտենշտեյնի հավաքականին:

Պատմություն

Սա Հայաստանի եւ Լիխտենշտեյնի հավաքականների երրորդ դիմակայությունն է: Այս թիմերը հանդիպել էին նաեւ 2018 թվականին ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլում: Առաջին խաղը տեղի է ունեցել 2018 թվականի  սեպտեմբերի 6-ին: Ազգերի լիգայի մեկնարկային խաղում Վարդան Մինասյանի գլխավորած թիմը 2:1 հաշվով տնային հաղթանակ տարավ Լիխտենշտեյնի ազգային թիմի նկատմամբ: Հայաստանի հավաքականը մեծ դժվարությամբ հաղթեց Լիխտենշտեյնի հավաքանին: Հայաստանի թիմը երկրորդ գոլը խփեց եւ հաշվի մեջ առաջ անցավ երկրորդ խաղակեսում, երբ Լիխտենշտեյնի հավաքականը մնացել էր 10 ֆուտբոլիստով:

Թիմերի միջեւ պատասխան հանդիպումը կայացել է նոյեմբերի 19-ին՝ Լիխտենշտեյնի մայրաքաղաք Վադուցում, որտեղ հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով: Այս խաղում էլ Հայաստանին պարտությունից փրկել էր փոխարինման դուրս եկած 30-ամյա հարձակվող Ալեքսանդր Կարապետյանի գոլը 85-րդ րոպեին: Հայաստանի հավաքականի կազմում խաղի հաշիվն 9-րդ րոպեին բացել էր Սարգիս Ադամյանը:

Նախորդ ելույթները

Եվրոպայի առաջնության ընտրական փուլի երկու տուրից հետո երկու հավաքականներն էլ միավոր չեն վաստակել:

Հայաստանի ազգային հավաքականը մարտի 23-ին արտագնա խաղում 2:1 հաշվով պարտություն էր կրել Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականից, մարտի 26-ին էլ տանը 0:2 հաշվով պարտվել Ֆինլանդիայի հավաքականին:

Լիխտենշտեյնն առաջին տուրում, տնային խաղում 0:2 հաշվով պարտվել էր Հունաստանի հավաքականին, ապա արտագնա խաղում 0։6 հաշվով պարտություն կրել Իտալիայի հավաքականից:

Եվրո-2020-ի ընտրական փուլից առաջ 2 թիմերն էլ մասնակցեցին ՈւԵՖԱ-ի նորաստեղծ մրցաշար Ազգերի լիգային: D դիվիզիոնում Հայաստանը 10 միավորով գրավել էր երկրորդ տեղը: Լիխտենշտեյնը պայքարն ավարտել էր 4 միավորով: Ազգերի լիգայում առաջին տեղը գրավել էր Մակեդոնիայի հավաքականը, որը հավաքել էր 15 միավոր:

Հիշեցնենք, որ Լիխտենշտեյնի հավաքականի գլխավոր մարզիչը փոխվել է եւ Եվրո-2020-ի ընտրական փուլում Հայաստանի առաջիկա մրցակիցը պայքարը սկսել է նոր գլխավոր մարզիչի գլխավորությամբ:

Լիխտենշտեյնի հավաքականը 182-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում: Հայաստանը՝ 106-րդը:

Նախախաղային տրամադրություն

Լիխտենշտեյնի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հելգի Կոլվիդսոնը նախախաղային ասուլիսում ասաց, որ ընտրական փուլի J խմբում առաջին տեղի հույսեր է փայփայում: Կոլվիդսոնը նշել է, որ իրեն միայն հետաքրքրում է իր թիմը եւ ցանկանում է բարելավել իր թիմի խաղն ու որակը: Ըստ Կոլվիդսոնի J խմբում ֆավորիտը Իտալիայի հավաքականն է, սակայն գլխավոր մարզիչը կարծում է, որ Հայաստանի հավաքականն էլ չի պայքարելու նախավերջին տեղի համար՝ հաշվի առնելով, թե ինչ ներուժ ունի: Լիխտենշտեյնի հավաքականի նոր գլխավոր մարզիչը Հայաստանի եւ Լիխտենշտեյնի հավաքականների հնարավորությունները հավասար է գնահատել, նշելով, որ երկուսն էլ երկրորդ տեղի հավակնություններ ունեն:

Հայաստանի ագային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդազյանցը նախախաղային ասուլիսում ավելի մեղմ է արտահայտվել Լիխտենշտեյնի հավաքականի մասին, մատնանշելով, որ առաջիկա մրցակցի թիմում գլխավոր մարզիչ է փոխվել եւ ընտրանին շատ կազմակերպված, մինչեւ վերջ պայքարող թիմ է: Արմեն Գյուլբուդաղյանցի կարծիքով Լիխտենշտեյնը լավ թիմի տապովորություն է թողնում եւ այսօր խաղադաշտում իր գլխավորած թիմը պետք է անի հնարավոր ամեն ինչ, որպեսզի սխալներ թույլ չտա:

Կորուստներ

Հայաստան - Լիխտենշտեյն խաղում Հայաստանի հավաքականին չեն կարող օգնել  Մարկոս Պիզելին, Արտյոմ Խաչատուրովը, Սարգիս Ադամյանը եւ Յուրա Մովսիսյանը:

Նրանք վնասվածքների պատճառով ընդգրկված չեն հայտացուցակում: Մարկոս Պիզելին Հայաստանում է եւ վերականգնողական մարզումներ է անցկացնում: Արմեն Գյուլբուդաղյանցը հայտենց, որ Պիզելին խաղադաշտ կվերադառնա օգոստոս-սեպտեմբերին: Յուրա Մովսիսյանը նույնպես վնասվածք ունի, բուժվում է Լեհաստանում: 31-ամյա հարձակվողն ակումբ չունի վերջին շրջանում եւ ֆունկցիոնալ լավ վիճակում չէ: Ադամյանը եւ Խաչատուրովը եւս վնասվածքներ ունեն։

Եվրո-2020, ընտրական փուլ, երրորդ տուր

J խումբ

Հայաստան - Լիխտենշտեյն՝-ին 20:00

Երեւանի Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոն

Գլխավոր մրցավար՝ Նիկոլա Պոպով (Բուլղարիա)

Հայաստանի հավաքական.

Դարպասապահներ՝  Արամ Հայրապետյան, «Բանանց», Հենրի Ավագյան, «Ալաշկերտ», Արսեն Բեգլարյան, «Դնեպր», (Բելառուս).       

Պաշտպաններ՝ Տարոն Ոսկանյան, «Ալաշկերտ», Վարազդատ Հարոյան, «Ուրալ», (Ռուսաստան), Հայկ Իշխանյան, «Լոռի ՖԱ», Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի», (Կիպրոս), Արման Հովհաննիսյան, «Գանձասար-Կապան», Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու», (Ղազախստան).

Կիսապաշտպաններ՝ Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ», Կառլեն Մկրտչյան, «Փյունիկ», Արմեն Համբարձումյան, «Արարատ-Արմենիա», Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ», Ռումյան Հովսեփյան, «Փյունիկ», Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ», (Անգլիա), Պետրոս Ավետիսյան, «Արարատ-Արմենիա», Արաս Օզբիլիս, «Բեշիկթաշ» (Թուրքիա), Գեւորգ Ղազարյան, առանց ակումբի, Էրիկ Վարդանյան, «Փյունիկ», Էդգար Բաբայան, «Հոբրո», (Դանիա).

Հարձակվողներ՝  Տիգրան Բարսեղյան, «Կայսար», (Ղազախստան), Ալեքսանդր Կարապետյան, «Պրոգրես Նիդերկորն», (Լյուքսեմբուրգ), Արթուր Միրանյան, «Փյունիկ».

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով