16:32  ,  7 հունիսի, 2019

Էդգար Մանուչարյան․ Դժվար մրցաշրջան է սպասվում, բայց վստահ եմ՝ կարող ենք դառնալ չեմպիոն

Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Փյունիկ» վերադարձած Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Էդգար Մանուչարյանը ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում պատմել է նպատակների մասին։

«Ինձ համար մեծ նշանակություն ունի վերադառնալ «Փյունիկ», որտեղից սկսել եմ ֆուտբոլային կարիերաս:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովին և պարոն Սողոմոնյանին, ովքեր վստահեցին ինձ, հույսեր կապեցին ինձ հետ և հրավիրեցին «Փյունիկ»: Ինձ համար անսովոր է, երբ «Փյունիկին» տեսնում եմ նույնիսկ երկրորդ տեղում, որովհետև «Փյունիկն» այնպիսի թիմ է, որը պետք է միշտ չեմպիոն լինի:

Պետք է այնպես անենք, որպեսզի առաջիկա մրցաշրջանում «Փյունիկը» զբաղեցնի առաջին տեղը: Դժվար մրցաշրջան է սպասվում, բայց ես վստահ եմ, որ մենք կարող ենք դառնալ չեմպիոն:

Ես շատ լավ գիտեմ Ալեքսանդր Տարխանովին: Խաղացել եմ նրա գլխավորությամբ և գիտեմ, թե նա ինչ կարող է տալ թիմին: «Փյունիկ» տեղափոխվելու որոշում միանգամից եմ կայացրել: Վստահ եմ, որ շատ բան կարող եմ տալ թիմին:

Հիմա «Փյունիկում» շատ ավելի երիտասարդ ֆուտբոլիստներ կան և շեշտը դրվում է նրանց վրա: Նախկինում շատ էին փորձառու ֆուտբոլիստները և նրանց հետ խաղալով և մարզվելով ես մեծ աճ գրանցեցի: Հիմա էլ կարող եմ ես իմ փորձը փոխանցել երիտասարդներին»,- ասել է Էդգար Մանուչարյանը։

32-ամյա ֆուտբոլիստը հունիսի 4-ին էր հեռացել Հայաստանի գավաթակիր Երեւանի «Ալաշկերտից»։

Մանուչարյանը «Փյունիկի» սան է։ Նա անցած ամռանն էր համալրել «Ալաշկերտը», դրանից առաջ, 2012 թվականից նա հանդես էր եկել Եկատերինբուրգի «Ուրալի» համակարգում։ 2017-ի սկզբնամասում Մանուչարյանը որոշ ժամանակ խաղացել էր Թաիլանդում եւ դարձյալ վերադարձել «Ուրալ»: Նախկինում հարձակվողը հանդես է եկել նաեւ «Փյունիկում», Ամստերդամի «Այաքսում», հոլանդական «Հարլեմում» եւ «Ապելդորնում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում