13:40  ,  6 հունիսի, 2019

Աթենք․ Լեւոն Աղասյանը՝ արծաթե մեդալակիր (ֆոտո)

Հունաստանի մայրաքաղաք Աթենքում անցկացված աթլետիկայի International jumping meeting մրցաշարում Հայաստանի հավաքականի առաջատար եռացատկորդ Լեւոն Աղասյանը արծաթե մեդալ է նվաճել: Այս մասին NEWS.am Sport-ի հետ զրույցում Աթենքից ասաց Լեւոն Աղասյանը: Միջազգային մրցաշարին մասնակցել է 9 երկիր։

«Հայաստանից մասնակցում էի միայն ես եռացատկում: Ցատկել եմ 16.50 մետր ու գրավել 2րդ տեղը։ Ընդհանուր առմամաբ նորմալ եմ գնահատում մասնակցությունս, բայց կարող էի նաեւ ավելի բարձր արդյունք ցույց տալ, բայց հաշվի առնելով դաշտում եղած տեխնիկական խնդիրները, նորմալ էր արդյունքս: Իրականում վազքուղին կարճ էր եւ վազքուղու կարճ լինելու պատճառով չկարողացա լիարժեք կատարել թափավազքս:

Աթենքում ինձ հետ էր նաեւ հեռացատկի Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը: Այս մրցաշարից հետո կվերադառնամ Հայաստան եւ կնախապատրաստվեմ հուլիսի 1-ին Արտաշատում կայանալիք Հայաստանի առաջնությանը»,- ասաց Լեւոն Աղասյանը:

Հիշեցնենք, որ կապանցի 24-ամյա եռացատկորդը փետրվարին Թուրքիայում կայացած 1948թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռուխի Սարիալպի անվան գավաթի խաղարկության եռացատկի մրցաշարում ոսկե մեդալ էր նվաճել 16.79 մ արդյունքով: Թուրքիայի մրցաշարից օրեր առաջ հաղթել էր նաեւ Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունում, իսկ մարտին Գլազգոյում կայացած Եվրոպայի ձմեռային առաջնությունում բավարարվել 10-րդ տեղով:

Հայաստանի առաջնությունից հետո Լեւոն Աղասյանը կմասնակցի հուլիսի 3-14-ը Նեապոլում կայանալիք Համաշխարհային Ունիվերսիադային: Աթլետիկայի մրցաշարում Հայաստանը կունենա երկու ներկայացուցիչ՝ Լեւոն Աղասյան (եռացատկ) եւ Երվանդ Մկրտչյան (1500 մ վազք):

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում